Էջ:Artcakh history.pdf/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

գյուղերին ու մելիքների նախկին տիրույթներին։ Հայ գյուղացիու­թյունը անխնա շահագործվում էր թաթար աղաների և ռուս չինով­նիկների կողմից:

Դրա մասին է վկայում Դիզակի Բանազուր գյուղի բնակիչների 1849թ. բազմիցս գրած բողոք-խնդրագրերը՝ ուղղված Կովկասի փոխարքային և Ներսես կաթողիկոսին։ «Ղարաբաղի գնդապետ (պոլկովնիկ) Ջաֆար Կուլի խանը, որի իշխանության ներքո ենք գտնվում որպես ռահաթներ,− գրում են Բանազուրի գյուղացիները,− տանջում է մեզ եւ պատճառում անպատմելի նեղություններ, պատիժներով եւ տուգանքներով, մինչեւ անգամ ամենայն կենցաղավարությունից այժմ էլ զրկված, մատնվել ենք սովի, … մեր քահանա Տեր Մինասի փիլոնը գցել տվեց շան վրա եւ ստիպեց ժողովրդին երկրպագելով գնալ նրա հետեւից, հայտարարելով՝ թե այդ լինի ձեզ սուրբ եւ քահանա, որի պատճառով հիշյալ քահանան «նեղսրտեց» եւ մահացավ։ Քանի մարդ մեզանից ծեծից մահացել է։

Նեղվելով, մեր գյուղի բնակիչները ցրվեցին այլեւայլ տեղեր, ջանալով ազատվել նրա գերությունից․․․։ Հուսալքված բնակչությունը անգամ երանի են տալիս Իբրահիմ խանի ժամանակներին»452։

Հայոց երկրում վարչական նոր կարգեր հաստատելուց հետո ցարական կառավարությունը այս անգամ ձեռնամուխ է լինում եկե­ղեցու իրավունքների և պարտականությունների ճշգրտմանը, նպատակ հետապնդելով մի կողմից զրկելու հայ հոգևորականությանը պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ հոգևոր իշխանության հեղինակությունն օգտագործե­լու իր ազդեցությունը հայ ժողովրդի վրա տարածելու համար։

1836թ. մարտի 11-ին ընդունվում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու գործերի կառավարման կանոնադրությունը (Պոլոժենիե)։ Նոր օրենքի համաձայն կայսրության տիրապետության տակ գտնվող հայկական եկեղեցին բաժանվում էր 6 թեմերի. Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի, Աստրախանի, Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի և Շիրվանի453։

Դրանով վերացվում է Գանձասարի կաթողիկոսությունը ու նրա տեղը ստեղծվում միտրոպոլիտություն։ 1837 թ. հուլիսի 1-ին կայսերական հրամանով Բաղղասար Հասան-Ջավալյանցը նշանակվեց