Էջ:Artcakh history.pdf/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապիտալիստական հարաբերությունների զարգացման և տնտեսության բուռն վերելքի պայմաններում հայկական գյուղը իր նահապետական սովորություններով հանդերձ, ներքաշվեց ընդհանուր համառուսական շուկայի մեջ։ Անձրևից հետո աճող սնկերի նման, Ղարաբաղի բնակավայրերում մեկը մյուսի ետևից, երևան էին գալիս մասնավոր նոր ձեռնարկություններ։ Այդ գործարանների զգալի մասը զբաղվում էր մետաքսի արտադրությամբ։ Մետաքսի մեծ ճանապարհին մոտ լինելով, Ղարաբաղի հայությունը հնուց ի վեր զբաղվում էր շերամապահությամբ։ Այն նոր ընթացք ու թափ ստացավ 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ Շերամի հունդը Ղարաբաղ է հասել մի շարք երկրներից, տարբեր ճանապարհնե­րով։

Մինչև 1890 թ. Ղարաբաղում լայն տարածված էր ճապոնական դեղին ցեղի մանր բոժոժ ունեցող հունդը, որին տեղացիները յապոն էին անվանում։ Այն ծովային ճանապարհով Չինաստանից տեղափոխվել է Հունաստան, իսկ այնտեղից Ղարաբաղ466։ 19-րդ դարի վերջերին Անդրկովկասում հունդի աճեցման և տարածման գործը կենտրոնացված էր 3 ընտանիքների ձեռքում, որոնցից մեկը՝ Տեր-Գրիգորյանները, ղարաբաղցիներ էին։

Սկզբնական շրջանում շերամապահ գյուղացիները ոչ միայն բոժոժ էին արտադրում, այլ տանը պարզունակ եղանակով ոտնաչարխով մանում էին թելը։ Տեղացի վաճառականները արտադրանքը արտահանում էին արտասահմանյան քաղաքներ։ Ղարաբաղի բնական մետաքսը բարձր է գնահատվել միջազգային մի շարք տոնավաճառներում։ 1882 թ. Մոսկվայում կազմակերպված տոնավաճառում Հոնաշեն Հադրութի մետաքսն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ մեկ տարի անց՝ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։ Տեղին է հիշել, որ 19-րդ դարի վերջերին Արցախի մետաքսից են պատրաստվել Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները467։

19-րդ դարի 50-ական թվականներին Ղարաբաղում գտնվող մետաքսագործարանները տնայնագործական տիպի մանր ձեռնարկություններ էին՝ խարսխված բացառապես ձեռքի աշխատանքի վրա։ Միայն 1868թ. Շուշու գավառում կար 490 մետաքսակարժական արհեստանոց, որտեղ թողարկվում էր 76 000 ռուբլու արտադրանք468։ 250