Էջ:Artcakh history.pdf/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1821թ. հոկտեմբերի 8-ի օրենքով Այսրկովկաս ներմուծվող ապ­րանքներից գանձվում էր 5% մաքս, իսկ Պարսկաստան առաքվող ապրանքների համար հաստատվում էր անմաքս տրանզիտ։ Պատահական չէ, որ Այսրկովկասում արտաքին առևտրի ծավալները 1822-1870 թթ. ընթացքում 1289108 հասավ 15399969 ռուբլու480։

Մաքսային նման քաղաքականությունը խթան հանդիսացավ նաև Շուշիի առևտրականների աշխույժ գործունեության համար։ Արդեն 30-ական թթ. ցարական պաշտոնական աղբյուրները հաս­տատում էին այն իրողությունը, որ հայ առեւտրականներն իրենց ձեռքն են առել «Թիֆլիսի և ամբողջ Անդրկովկասի առեւտուրը»481։

Սինչեւ 250000 տարեկան շրջանառություն ունեցող առևտրականները հիմնականում հայեր էին։ Դրանցից հայտնի էին Շուշեցի Թառումյանների և Հախումյանների ընտանիքները։

1808 թ. Բաքվի տուրքերը 4 տարով տրվել էին Բաբա Թառումյանին482։ Նրա ձեռքին էր գտնվում նաև Կասպից ծովի նավթի, ձկան, աղի արտադրության կապալը։

Զոհրապ և Մարկոս Թառումյանները իրենց միջոցներով կառուցեցին Ագուլեցոց եկեղեցին։

Մարկոս Թառումյանը մահվանից առաջ Էջմիածնին և մնացածներին վերադարձնում է պարտամուրհակները և երկու քսակ ոսկի բաժանում աղքատներին։

Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին, գրում է Մեսրոբ Թաղիադյանը483։

Երեք վաճառական հայ ընտանիքներ Շուշիի սարահարթից հս­կում էին մի մեծ առևտուր, որի միջոցով իրար էին կապվում աշխար­հի չորս ծայրերը Չինաստանից մինչև Արևմտյան Եվրոպա, Հնդ­կաստանից մինչև Ռուսաստան և Սկանդինավյան երկրներ։ Գեր­մանական «Ալգեմայն ցայտունգ» թերթը 1846թ. նոյեմբերի 15-ի համարում գրում է. «Ղարաբաղի գլխավոր քաղաքը Շուշին առանց չափազանցության կարելի է համարել Կովկասյան Ջիբրալթարը»484։

1880թ. տվյալներով Շուշիում կային 952 առևտրական և արդյունաբերական ձեռնարկություններ485։