Էջ:Artcakh history.pdf/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայ ազատագրական շարժման ալիքը բարձրանում էր որպես պատասխան այն կեղեքումների, որոնց ենթարկվում էր արևմտա­հայությունը։ Տվյալ ժամանակահատվածում ծանր հիասթափու­թյունից ու տևական որոնումներից հետո, արդեն մշակվում է պայ­քարի ուրույն զաղափարաբանություն, նոր որակ է ձեռք բերում հայ հեղափոխական-քաղաքական միտքը։ «Երկիր» վերամկրտված Արևմտյան Հայաստանը զորեղ մագնիսի նման դեպի իրեն է ձգում աշխարհի բոլոր ծագերում սփռված հայ երիտասարդությանը։ Իբրև այդ ամենի զարգացման բարձրակետ, ձևավորվում են հայոց ազգային-քաղաքական երեք կուսակցություններ, որոնք, տարընթացություններով հանդերձ, շարունակում են գործել մինչև օրս։

Հայ ազատագրական շարժման վերընթացը, մասնավորապես՝ Բեռլինի վեհաժողովի դասերը, բալկանյան ժողովուրդների ազատագրության պատմական փորձը, հայ քաղաքական կուսակ­ցությունների հանդես գալը հանգեցրին այն բանին, որ հայ ազատագրական շարժումները 19-րդ դարի 80-ական թթ. թևակոխեցին նոր շրջան։

Այս փուլի ամենաբնորոշ գիծն այն էր, որ համաժողովրդական մաքառման ընդերքում գնալով հավաքական գիտակցություն էր դառնում այն գաղափարը, թե զուտ աղերսագրերով և մուրալով հնարավոր չէ ձեռք բերել ազատություն, գլխավորը դիմադրության սեփական պաշարներին ապավինելն է։ Խրիմյան Հայրիկի թղթե շե­րեփի պատմությունն արդեն նման գաղափարի լավագույն բանաձևումն էր և գործնական պայքարի անցնելու կոչը։

Թուրքական յաթաղանի դեմ արևմտահայության ինքնապաշտպանական պայքարում մեծ տեղ է գրավում ֆիդայական շարժումը։ Հայդուկական շարժումները Արևմտյան Հայաստանում առաջացան տարերայնորեն, կուսակցությունների երևան գալուց դեռ առաջ։ Արևմտյան Հայաստանի հայդուկային պայքարի ավանգարդում կանգնեցին տեղացի ֆիդայիները, արևմտահայության ծոցից դուրս եկած, նրա կյանքով ու շնչով ապրող Արաբոն, Սերոբ Վարդանյանը (Աղբյուր Սերոբ, Սերոբ փաշա),Արմենակ Ղազարյանը (Հրայր, Ուրվական,Դժոխք), Անդրանիկ Օզանյանը (Անդրանիկ),