Էջ:Artcakh history.pdf/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձախողություն եղավ։ Հակառակ դրան նրա թողած տպավորությունը հանրային մտքի վրա շատ մեծ էր։ Այն մարտակոչ էր խոր թմբիռից արթնացող հայության համար։ Իրավացի է Ս.Վրացյանը. «Ս. Կուկունյանով հայ ազատագրական պայքարի պատմության մեջ բացվում է մի նոր շրջան, որի ներկայացուցիչն ու դրոշակակիրը եղավ ՀՅ Դաշնակցությունը494։

Հետագայում Կուկունյանի արշավանքի հերոսներից մեկը՝ Եփրեմ խան Դավթյանը Արցախի Բարսում գյուղից ՀՅԴ որոշմամբ մասնակցեց 1908-1911թթ. պարսկական հեղափոխությանը։ Նա գլ­խավորում էր Պարսկաստանի հեղափոխական զինված ուժերն ու ոստիկանությունը։

1890-ական թվականների կեսերից հայդուկային շարժումներն Արևմտյան Հայաստանում հատկանշվեցին վերելքով։ Երկիր մտան նոր խմբեր, որոնք կազմակերպվում և ուղարկվում էին հայ քաղաքական կուսակցությունների, գերազանցապես դաշնակցականների կողմից։

Հայ ազգային ազատագրական պայքարի հերոսական և ոգեկո­չող դրվագներից է Խանասորի արշավանքը, որի կազմակերպիչն ու ջատագովը դարձավ ծննդով Խաչեն գավառի Ղշլաղ գյուղից Նիկողայոս Տեր Հովհաննիսյանը(Նիկոլ Դուման)։ Նիկոլն իր առաջին մարտական մկրտությունն ստանում է թուրք-պարսկական սահմանագլխին գտնվող Դերեկա վանքի կռվում 1894թ. ամռանը։ Դերեկը հայ ֆիղայիների կենտրոնատեղին էր՝ Երկիր անցնելու և զենք ու զինամթերք տեղափոխելու գործում։ Եվ Դերեկում և Բողազ Քյասանում թշնամին պարտվեց։ Վերջին կռվում(1895-ի աշնանը) ֆիդայիները Նիկոլի գլխավորությամբ, խույս տալով թշնամուց, ապաստանում են Բողազ Քյասան գյուղի մարագներում։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո քրդերը հրդեհում են մարագները, փոր­ձելով ծխախեղդ անել ֆիդայիներին։ Նիկոլն անսպասելիորեն, մր­րիկի արագությամբ, դուրս է թռչում մարագի դռնից և տապալելով երկու քուրդ ցեղապետների, ջոկատի հետ միասին հեռանում են մո­տակա սարը։ Նիկոլի անհավատալի քաջագործությունից ապշահար լինելով, քրդերը նրան անվանում են Դուման՝ այսինքն մրրիկ, փոթորիկ կամ Ղարա Դուման(սև մրրիկ)։ Դումանի խումբն անարգել