Էջ:Artcakh history.pdf/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահարոնյանի և Սողոմոնյանի սպիրտի գործարանները։ Թուրքերը վառում են նաև Ղայբալիշենում գտնվող Ներսիսյանի մետաքսի գործարանը։

Շուշիի պաշտպաններին հաջողվեց թուրքերին կանգնեցնել հայկական վերին թաղամասի մատույցներում։ Մի կերպ կարգի գցելով գրեթե անգործածելի հինավուրց թնդանոթը, հայ ինքնապաշտպանները կրակ են բացում գրոհող հակառակորդի վրա։ Սարսափահար թշնամին հաշտություն է խնդրում։

Չնայած այդ հաջողությանը, երկրամասը կտրված էր դրսի աշ­խարհից։ Աղդամից մոտ երկու հազար զորքով թուրքերը փորձում են ներխուժել Արցախ, բայց Վարանդայի և Խաչենի հայերը փակում են Ասկերանի կիրճը և Համազասպի ու Վարդանի գլխավորությամբ ջախջախում թուրքերին։ Վերոհիշյալ ժամանակաընթացքում Շուշիից նահանջող մի զորաջոկատ Ասկերանի և Խոջալլուի արանքում դարանակալ հայդուկների կողմից ջախջախվում է։ 200 ասկյարներից ճողոպրելով՝ փրկվեց միայն վեցը։

Հենց այդ օրերին վեց հազար զինված թուրք հարձակում են գոր­ծում Քյաթուկ, Նախիջևանիկ, Փրջամալ, Վարազաբուն և Ղզղալա գյուղերի վրա։ Արցախ ուղարկված փոխգնդապետ Օզերովսկու պատժիչ ջոկատը, կարգուկանոն հաստատելու փոխարեն, թուրքե­րի թելադրանքով, թնդանոթների համազարկերով անցնում է Ասկերանի կիրճը և ռմբակոծում հայկական գյուղերը։

1906 թվականը նոր արհավիրքներ բերեց արցախահայությանը։ Այս անգամ ազգամիջյան ընդհարումները ավելի սաստիկ էին։ Հուլիսի 13-ին Ղայբալուի ձորից թուրք-քրդական հրոսակները փորձում էին երևանյան դռներից ներխուժել Շուշի, բայց քարինտակցիների և ղայբալիշենցիների հուժկու հարվածի տակ ստիպված են լինում ետ նահանջել։ Դեռ ավելին, Վարդանի հրամանատարությամբ հայ պաշտպաննները հարկադրեցին թշնամուն լքել մի շարք կարևոր դիրքեր։ Իշխանությունները, տեսնելով հայ կտրիճների հաջողու­թյունները, վրացի սպա Մաչավարիանիի գլխավորությամբ զորք ուղարկեցին կասեցնելու նրանց առաջխաղացումը։ Միաժամանակ կառավարական զորքերը կրավորական դիրք էին որդեգրել Թուրքիայից իրենց ցեղակիցներին օգնության եկող մահմեդական ջոկատների