Էջ:Artcakh history.pdf/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ 1890-1920 ԹԹ

XIX սկզբներին Ռուսաստանի հետ Արցախի միացումից հետո աշխուժացավ մշակութային կյանքը։ Դրան նպաստեցին նաև կապիտալի նախասկզբնական կուտակմանը հատուկ երևույթները։ Կյանքը նոր խնդիրներ էր դնում մշակութային գործիչների առջև։ Լուսավորության տարածումը դժնդակ ժամանակներին դիմակայած ժողովրդին գրին ու գրականությանը հաղորդակից անելը դառ­նում էր հայ գործիչների առաջնահերթ խնդիրներից մեկը:

Նոր ժամանակը հրամայաբար թելադրում էր, որպեսզի մատաղ սերնդի կրթության գործը համապատասխանեցվի իր պահանջներին, այն է՝ աշխարհականացմանն ու ժողովրդականացմանը, մանկավարժական առաջավոր մեթոդների և կրթական միասնական համակարգի կիրառմանը։

Դարասկզբին Գանձասարի և ս. Հակոբա վանքերի ու Շոշի ե­կեղեցուն կից գործում էին դպրոցներ։ Առաջին երկու դպրոցներում բեղմնավոր գործունեություն էր ծավալել Հովսեփ վարդապետ Տեր Ավագյանը (Արցախեցի), որը հեղինակել է աստվածաբանական, ճարտասանական, քերականագիտական բնույթի աշխատություններ։ Նրա աշակերտներից էր Պողոս վարդապետ Ղարաբաղցին, որի մոտ սովորել են Մեսրոպ Թաղիադյանը և Ստեփանոս Նազարյանը։

Մ. Թաղիադյանը պատմում է, որ «իմաստասեր», «գիտնական», վարդապետ Հովսեփ Արցախեցուն և Պողոս Ղարաբաղցուն Շուշու հարուստները բերել էին տվել իրենց որդիներին ուսուցանելու համար511։