Էջ:Artcakh history.pdf/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XIX դարի երկրորդ կեսին Շուշիում լայն գործունեություն է ծավալում Միրզա Ֆարուխը (Հարություն Ներսեսի Ղարաբաղցի)։ Ծնվել է 1798թ. Թաղուտ գյուղում։ 1805թ. ռուս-պարսկական պատե­րազմի ժամանակ գերի է ընկնում։ Տիրապետելով արևելյան և եվրո­պական մի շարք լեզուների՝ նրան պետական ծառայության են ընդունում, դառնում է Թեհրանի սարդարի քարտուղարը։ Պարսկական արքունիքում ստանում է Ֆարուխ անունը։ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նրան հաջողվում է փախչել գերությունից և հիմնավորվել հայրենի քաղաքում՝ Շու­շիում։ Նա, համագործակցելով Բազելի ավետարանական քարոզ­չական ընկերության ներկայացուցիչների հետ, հիմք է դնում գիտական֊ ուսումնական աշխատությունների հրատարակմանը։ Գրել է Ղարաբաղի պատմությունը «Թարիխ-Սաֆի» վերնագրով, որտեղ շարադրված է սկզբից մինչև 1820-ական թվականների իրադարձությունները։

Առանձնապես բեղուն կյանքով ապրեց Արցախը և հատկապես նրա կենտրոն Շուշին 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին։ Այստեղ ծնվել և ստեղծագործել են հայագիտության և հայ գրականության շատ երախտավորներ։

Հայ խոշորագույն պատմաբան, հրապարակախոս, գրող, գրականագետ, Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932թթ.) ծնվել է Շուշի քաղաքում, ուսանել տեղի թեմական դպրոցում։ Նրա 60-ի հասնող կապիտալ աշխատությունների, հարյուրավոր բազմաբնույթ հոդվածների մեջ ամփոփված են հայոց պատմության և գրականու­թյան բազմապիսի հարցեր։ Լեոյի ուսումնասիրությունները գրված են հայրենասիրական շնչով և լեզվական հրապուրիչ բարձր ոճով։

Լեոյի աշխատությունների մի զգալի մասը՝ «Վեպ թե պատմու­թյուն» (1887), «Կույր աղջիկը», «Վահան Մամիկոնյանը» (1888), «Իմ հիշատակարանը», «Սպանված հայրը» (1891), «Թաթախման գիշերը» (1892) և այլն առաջին անգամ տպագրվեցին Շուշիում։

Պատմագիտական աշխատություններից հատկապես արժեքավոր են Լեոյի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը(հրատ՝ 1917-47թթ.), «Հայկական տպագրություն» (հ. 1-2, 1901-02), «Ստեփանոս Նազարյանց» (հ.1-2,1902), «Գրիգոր Արծրունի»