Էջ:Artcakh history.pdf/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(հ․1-3,1902-1905), «Ս․ Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (1946), Երևանի և Ղարաբաղի թեմական դպրոցների պատմությանը նվիրված մենագրությունները (1914)։

Հայագիտության բնագավառում կարևոր ներդրում ունի Վահան (Խաչիկ) Տեր-Գրիգորյանը-Դաղայանը (ծննդով Վարանդայի Զարդարաշեն (Վերին Թաղավարդ) գյուղից, 1863թ․), որը Արցախում հրատարակչական և գիտամանկավարժական լայն գործունեություն է ծավալել։ 1888 թ․ ձեռնադրվելով կուսակրոն քահանա՝ պաշտոնավարել է Արցախի Ս․Գրիգորիսի, Ս․ Հակոբի և Խութա վանքերում։ Այդ շրջանում հնագիտական պեղումներ է կատարել Առաջաձոր, Քոլատակ գյուղերի շրջակայքում և Սաղսաղան բերդում, միաժամանակ հավաքել է հայոց պատմությանը առնչվող բազմաթիվ վավերագրեր և հանձնել Ս․ Էջմիածին։ Նմանատիպ աշխատանքներ է կատարել Մակվում, Խոյում, Սալմաստում, Ուրմիայում, Բարանդուզում, Մարանդում։ Նրա անվան հետ է կապված Զվարթնոցի, Դվինի, Արմավիրի պեղումները։ Նա հավաքել է ժողովրդական, ազգագրական երգեր, գրի առել մեծ եղեռնի ականատեսների պատմածները։

1917-1923 թվականներին Արցախի պատմության հարցերին է անդրադարձել Միրզա Տեր-Սարգսյանի(Միտսարը)։ Նա ականատեսի և դեպքերի մասնակցի հավաստիությամբ ներկայացրել է մեր պատմության կարևոր, երբեմն վիճահարույց շրջանի մանրամասները։ Նրա գրչին է պատկանում «Կաթիլներ» խորագրով արձակ գործերի ստվարածավալ ժողովածուն, որ հրատարակվել է 1914թ․ Շուշիում։

Նոր շրջանի հայոց պատմության հարցերին է նվիրված Դավիթ Անանունի (1879-1943) «Ռուսահայերի հասարակական զարգացումը 19-րդ դարում» եռահատոր աշխատոււթյունը (հրատ․1916-1926)։ Այստեղ նա անդրադարձել է արևելահայերի հողային հարաբերությունների, գյուղական համայնքի, առևտրի և արդյունաբերության զարգացման, քաղաքական կուսակցությունների, հասարակական հարաբերությունների և մշակույթի պատմության հետ կապված ամենաբազմազան խնդիրներին։ Հայրենասիրական շնչով է գրված