Էջ:Artcakh history.pdf/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Խարազյանի ղեկավարած խումբն էր։ Թատերական կյանքը որոշ չափով աշխուժացել էր նաև Արցախի գյուղերում։ Ճարտար, Բալլուջա, Խանածախ, Դահրավ, Փրջամալ գյուղերում տեղացի սի­րողների ուժերով բեմադրվում են ներկայացումներ։ Ժամանակի մամուլը գովեստով է խոսում նմանօրինակ ներկայացումների մասին527։

XX դարի սկզբին թատերական կյանքը ծնունդ է առնում նաև Վարարակն գյուղաքաղաքում(Ստեփանակերտ)։ Տեղի միակ ակումբում բեմադրվում էին հայկական և ռուսական պիեսներ528։

Շուշիի բնակչությունը ծանոթ էր նաև կրկեսային արվեստին։ 1848թ. քաղաքում տրվեց կրկեսային ներկայացում529։ Նմանօրի­նակ հանդեսներ կազմակերպվել են նաև «Խանդամիրյան» թատրոնում։

Շուշիում ստեղծվել էին հայ ժողովրդական գուսանական և հոգևոր երաժշտության բարձրարվեստ գործեր։ Ղարաբաղը հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից է։ «Մաճկալ ես…» երգի մեղեդին հորինվել է Շուշիում՝ ինքնուս կոմպոզիտոր Եգոր Հասրաթյանի կողմից, իսկ «Մի լար բլբուլ» երգի մեղեդին ստեղծել է շուշեցի կոմպոզիտոր Եղիշե Բաղդասարյանը530։ XVIII դարի վերջերից մինչև նորագույն ժամանակները հայ գուսանական արվեստին մի ամբողջ բույլ է տվել Մեծ Թաղլարեցի Չիթչյաննների տոհմը։ 1895 թ. այստեղ երգչախումբ են կազմակերպել և համերգներ տվել Գ. Միրզոյանը, Ս. Դեմուրյանը, որը 1916-17թթ. բեմադրել է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Երկար տարիներ նրա ստեղծած երգչախումբը մասնակցել է քաղաքի եկեղեցիների պատարագնե­րին։ Մինչև 1920թ. Շուշիում փողային նվագախումբը ղեկավարել է Հ. Իոաննիսյանը։ Շուշվա երաժշտական հարուստ ավանդույթների շարունակողներն էին թառահարներ Միրզա Սադղջյանը (1846-1902), Գրիգոր Մելիքովը (1895-1929), Բալա Մեյիքյանը(1888-1935), Սողոմոն Սեյրանյանը(1907-1974), քամանչահարներ՝ Ավանեսը, նրա աշակերտներ՝ Սաշա Օգանեզաշվիլին(1889-1932), Լևոն Կարախանը (1889-1937)։ Տարբեր ժամանակներում Շուշիում համերգ­ներով հանդես են եկել հայ ճանաչված երգիչներ ու երգահաններ Կոմիտասը, Քրիստափոր Կարա Մուրզան, Արշակ Կոստանդյանը,