և չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը»550։ Նույն վճռականությունը հանդես բերին նաև հինգերորդ և վեցերորդ համագումարները։ «Ղարաբաղի հայության քաղաքական, պատմական, կուլտուր-իրավական և մանավանդ տնտեսական պայմաները, ասված է 5-րդ համագումարի որոշման մեջ,- չեն կարող ոչ մի դեպքում հիմք ծառայել հայ ժողովրդի շլնքին փաթաթելու Ադրբեջանի թեկուզ ժամանակավոր իշխանության վարչական ձևը»551։
Արցախի հայությանը նեցուկ կանգնելու նպատակով 1919թ. ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի և կառավարման գծով Բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ552։
Արցախ ուղարկվեցին ծագումով արցախցի մի խումբ քաղաքական գործիչներ և սպաներ, որոնց առջև խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։
Սուլթանովը, արցախահայության վճռականությունից գազազած, որոշեց բնակչությանը խեղդել սովի ճիրաններում։ Այդ նպատակով դեպի Դաշտային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները փակվեցին։ Հրի ու սրի մատնվեցին մի քանի հայկական գյուղեր։ Առանձնակի դաժանությունների ենթարկվեցին Ղայբալիշենի հայերը։ «Գյուղի բոլոր տները այրվում են,- պատմում է արխիվային վավերագիրը,- իսկ կիսավեր և այրված տները լի են դիակներով։ … 70 տուն ունեցող գյուղի բնակչությունից ազատվել են մոտավորապես 160 հոգի։ Կոտորածի ժամանակ քաղաքից (Շուշիից-Վ.Բ.) դիտելիս են եղել անգլիացիք և ոչ մի միջոց չեն ձեռք առել կոտորածը դադարեցնելու»553։ Այս և Սուլթանովի մյուս չարագործությունների մասին վկայել են Ադրբեջանի պառլամենտի անդամներ Կարաբեկովը և Ռուստամբեկովը554։ Վերոհիշյալ չարագործությունները ղեկավարում էին թուրք էմիսարները։ «Պատգամավոր Խոջայանի ստացած տեղեկություններով իբր թե Էնվերը գտնվում է Սուլթանովի հայտնի բնակավայրում- Հաջի Սալմոնում, իսկ անգլիացիների ունեցած տեղեկություններով նա իբր թե գտնվում է Աղդամում»555։
Եվ այդպիսի լարված իրավիճակում 1919թ. օգոստոսին, Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության յոթերորդ համագումարը։