Jump to content

Էջ:Artcakh history.pdf/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին, որ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը պատմականորեն կազմում են Հայաստանի անքակտելի մասը և հետևապես, պետք է վերամիավորվեն նրա հետ564։ Սակայն այդ գործիչների խոսքը մնաց որպես ձայն բարբառո անապատի։

1920թ. ամռանը և աշնանը Ադրբեջանում լայն քարոզչություն է ծավալվում կեղծելով ու եղծելով պատմությունը՝ իրենց ցանկու­թյուններին համապատասխանեցնելու ճանապարհով, հորինվեց մի մտացածին վարկած, ըստ որի՝ Մեծ Հայքի մաս կազմող Արցախը, Ուտիքը, Նախիջևանը պատմականորեն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն են։ Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը Ար­ցախը վերջնականապես կլանելու մի նոր ու առավել կատաղի պայքար սկսեց։

ՌԿ(բ)Կ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ 1921Թ. ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՈՐՈՇՈՒՄԸ։ ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ։ 1920թ. սկզբներին կտրուկ փոփոխություն կատարվեց խորհրդային Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մինչ այդ բոլշևիկները հավատացած էին, թե ահա ուր որ է, սոցիալիստական հեղափոխության ալիքները տարածվելու են Եվրոպայով ու հյուսիսային Ամերիկայով մեկ, ամենուր տապալելու են կապիտալիզմը և հաստատելու են խորհրդային կարգեր։

Բայց 1918թ. Գերմանիայում և 1919թ. Հունգարիայում հեղափոխությունը պարտվեց, ստեղծված խորհուրդները ցրվեցին։ Հակախորհրդային ալիքը մոլեգնեց Եվրոպայով մեկ։ Նման պայմաննե­րում Խորհրդային Ռուսաստանը «հայացքը» ուղղեց դեպի արևելք, նպատակ ունենալով համաշխարհային սոցիալիստական հեղափո­խության ուտոպիստական գաղափարները արտահանել դեռևս միջ­նադարյան թանձր խավարում խարխափող ասիական երկրներ։ Ա­ռիթն օգտագործելով՝ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիմանովը եռանդուն գործունեություն ծավալեց, որպեսզի Հայաստանի հաշվին հնարավորին չափ տարածքային զիջումներ արվեն՝ հօ­գուտ Թուրքիայի և Ադրբեջանի։

Արցախի հարցի շուրջ վիճաբանությունները նոր ընթացք ստացան Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո։ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի նոյեմբերի