Էջ:Artcakh history.pdf/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է սույն որոշման դեմ և պահանջում հարցը տեղափոխել ՌԿ(բ)Կ Կենտկոմ։ Հուլիսի 5-ին նորից գումարվում է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը, որի ժամանակ, առանց քննարկելու և քվեարկու­թյան դնելու, կամայականորեն որոշվում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին568։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ։ Այս առթիվ տեղին է նշել ռուս մեծ գրող Ալեքսանդր Սոլժենիցինի խոսքը. « …Իլյիչն առաջինն է սահմաննե­րի հարցը համարել «նույնիսկ տասներորդական»։ Այսպես են Ղարաբաղը կտրել, միացրել Ադրբեջանին, ի՞նչ տարբերություն, թե որտեղ, այն ժամանակ հարկավոր էր սիրաշահել սովետների սրտակից բարեկամին՝ Թուրքիային»569։

1921թ. հուլիսի 7-ին Լենինի նախագահությամբ ՌԿ(բ)Կ քաղ­բյուրոյի նիստում նորից քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Որոշվեց տարածքային վեճերը լուծելիս հիմք ընդունել էթնիկական գործոնը, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Դա սոսկ դեկլարատիվ հայտարարություն էր։ Դժբախտաբար, նման մոտեցումը խորհրդային իշխանության գոյության ողջ ընթացքում դարձավ գործելակերպ։ Պատահական չէր, որ մեկ օր հետո՝ հուլիսի 8-ին, Ստալինը հեռագրում է Օրջոնոկիձեին և պարտադրում նրան «վիճելի հարցե­րը լուծել հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի»570։

Այսպիսով, խորհրդային իշխանության արշալույսին հայ ժո­ղովրդի իրավունքները զոհաբերվեցին համաշխարհային կարմիր հեղափոխության սին գաղափարին։

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ 1920-21ԹԹ.։ Արցախահայության այն հույսը, թե խորհրդային կարգերի հաստատումը կնպաստի մայր հայրենիքի հետ միանալուն, շուտով հոդս ցնդեց, և միանգամայն պարզ դարձավ, որ 11-րդ կարմիր բանակը երկրամասը բռնազավթել է՝ ի օգուտ խորհրդային Ադրբեջանի։

11-րդ կարմիր բանակը դարձել էր Ադրբեջանի կառավարությանը ենթակա պատժիչ ջոկատ, որի նպատակն էր Արցախն ու Զանգեզուրը