Էջ:Artcakh history.pdf/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր որպես նոր կարգերին ընդդիմադիր ուժ, ապա Ղարաբաղում այն համարվում էր նաև հակաադրբեջանական շարժումը ոգեշնչող ու կազմակերպող գործոն։ Ուստի և, պատահական չէր, որ 1920թ. ամռանը ձերբակալված մի խումբ հայրենասերների շարքում եղան նաև հոգևորականներ։ Արմենակ Ղարագոզյանի հրամանով ձերբակալվեցին Տեր-Մեսրոպ Շահնազարյանը, Դալի Մահրասան, Բեգլար Միրումյանը, Կարապետ Ասրյանը, կապիտան Արամյանը և ուրիշներ, որոնց տարան Թարթառ, հանձնեցին թուրք դահիճնե­րին, որոնք էլ բոլորին կացնահարեցին576։

1921թ. փետրվարի 24-ին 11-րդ կարմիր բանակի հրամանատարությանը հասցեագրած բաց նամակում գրված է. «Դուք էիք, որ խաբելով, ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց ձորը, սոցիալական քայ­քայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման տխուր գործը»։ Եվ ապա՝ «Ձեր միայն թալանի մեջ մարզված ու Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքերով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը»577։ Արցախում խորհրդային կարգերի հաստատումը համընկավ Խորհրդային Ռուսաստանում իրականացվող «ռազմական կո­մունիզմի» քաղաքականության վերջին շրջանին։ Առաջին հերթին երկրամասում կործանեցին նախկին իշխանության մարմինների կառուցվածքները և ստեղծեցին նորերը՝ հեղափոխական կոմիտեներ։ Դրանք նշանակովի մարմիններ էին, որտեղ կադրերի ընտրու­թյունը կատարվում էր բոլշևիկյան սոցիալ-դասակարգային սկզբունքով ու մոտեցումներով։

Ղեկավար պաշտոններում առաջ էին քաշում չքավոր գյուղացի­ների ներկայացուցիչներին, որոնք էլ, օգտվելով առիթից, առանց դատ ու դատաստանի, հաշվեհարդար էին տեսնում մարդկանց հետ, լուծում նեղ անձնական բնույթի հարցեր։ Առավել առողջ ու կիրթ, շատ թե քիչ բարեկեցիկ կյանքով ապրողներին, համարելով խորհրդային կարգերին խորթ տարրեր, մեկուսացնում էին։ Նման վերաբերմունքի հետևանքով շատերը հեռացան Լեռնային Ղարաբաղից։ Արխիվային փաստաթուղթը պատմում է. «նրանցից շատերը