բանտարկվեցին և տասնյակներով գնդակահարվեցին։ Այդ հանգամանքը ստիպում է շատերին պաշտպանվել անտառներում», կամ էլ անցնել Զանգեզուր և միանալ Նժդեհի ապստամբ ուժերին578։ ժամանակակիցը գրում է. «Առանց որևէ դատի ու քննության կացնահարում և տմարդի եղանակով սպանվում են Թարթառում Ղարաբաղի հայ գյուղացիության շահերին երկար տարիներ նվիրված գործիչները. հարյուրավոր ինտելիգենտ ուժեր տարվում են Բաքու, Գանձակ, Շուշի և փակվում բանտերում»579։
Ղարաբաղում և Զանգեզուրում ողջ հայությունը զինաթափ է արված բոլշևիկների կողմից և «վայրագություններին չափ ու սահման չկար։ Քայքայված գյուղացիներից պահանջում են տասնյակ հազարավոր փթերով ցորեն ու գարի, խլում են ամբողջ երկրի բերքը, տավարը, և այլ սեփականություն և գիշերով ուղարկում Բաքու կամ Ռուսաստան։ Գյուղերում շրջող զինված պահակները… գործադրում են ահաբեկության բոլոր միջոցները․․․
Հայերին զոռով հավաքագրում են և ստիպում ծառայել Ադրբեջանի բանակում։ Թուրքերն ուժեղ պրոպագանդա են մղում հայ ազգաբնակչությանը Ադրբեջանին հպատակ դարձնելու համար։ Ուժով ստիպում են ստորագրել Ադրբեջանի իշխանությունը ճանաչելը»580։
Լեռնային Ղարաբաղում տեղադրված զորամասերին ապահովելու նպատակով թալանում էին բնակչությանը, տանում բանող անասունները և հացի վերջին կտորը։ 1920թ. սեպտեմբերին ներքին գործերի կոմիսարիատի կողմից ուղարկված հատուկ հանձնաժողովը, ստուգելով գավառներում կատարվող բռնագրավումները, արձանագրում է. «28-րդ դիվիզիայի մթերային բաժինը սկսել է մթերումը, բնականորեն մթերողները նշանակել են իրենք, և կատարվեց ոչ թե ավելցուկ մթերքների վերցնում, այլ գյուղացիների իսկական թալանում… համարյա ուժի միջոցով»։ Տեղերում հեղկոմների բռնարարքների հետևանքով «միջակ և չքավոր գյուղացիները ախ ու վախ են անում» և արագորեն քայքայվում էին գյուղացիական տնտեսությունները581։
Այս ամենը վրդովմունքով է ընդունում Լեռնային Ղարաբաղի աշխատավորությունը։ Դժգոհություններն ու բողոքները շիկանում, լցվում էր ժողովրդի համբերության բաժակը։