Էջ:Artcakh history.pdf/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտերքից մինչև Ալհարակ լճի (Գյոլ-Գյոլ) հարավային ափերը, նախկին Գյուլիստանի մելիքության մի զգալի մասը, որտեղ գտնվում էին 107 հայկական գյուղեր։ Միաժամանակ հարևան ադրբե­ջանական շրջաններին տրվեցին Գիզակի, Վարանդայի և Ջրաբերդի արևելյան մասերի մի շարք գյուղեր։

Փաստորեն 11,5 հազար քառ. կմ տարածք և 12 գավառ ունեցող պատմական Արցախին թողնվեց միայն 4,4 հազարը, որտեղ գտն­վում էր Շուշի քաղաքը և 248 բնակավայր։

Շուշիի փոխարեն այն ժամանակ փոքրիկ Ստեփանակերտը մարզի կենտրոն դարձնելը նույնպես պատահական չէր։ Դրանով, ըստ էության, կանխվեց 1920թ. ջարդերից հետո իրենց հայրենի քաղաքը թողած հայության՝ ծննդավայր վերադառնալու փափագը։ 1923թ. ընդունվեց ԼՂԻՄ-ի կանոնադրությունը, իսկ 1924թ. հուլիսին սահմանադրությունը604։ Այդ փաստաթղթերով ԼՂԻՄ-ը դարձավ Ադրբեջանի կցորդը, վերածվեց սովորական գաղութի։ Արցախահայությունը կորցրեց իր ինքնուրույնությունը։ Այսպիսով, խորհրդային կարգերի արշալույսին Ադրբեջանի կողմից սկսվեց հայոց Արցախի ծվատման և վերջնականապես կլանման սանձարձակ քաղաքականությունը, որը նոր արհավիրք­ ներբերեց Հայոց արևելից գավառների հայությանը։

ԼՂԻՄ-ը ՆԷՊ-ի ՏԱՐԻՆԵՐԻՆ։ 1917-20թթ. թուրքական հրո­սակների զավթողական անընդմեջ արշավանքները, անգլիացիների ստոր ու լկտի քաղաքական խաղերը, նորաստեղծ խորհրդային Ռուսաստանի անդրկուլիսյան հայակործան դավերը գրեթե իսպառ քայքայել էին Արցախի ժողովրդական տնտեսությունը, իսկ առանց այն էլ հուսալքված ու հուսախաբված բնակչությանը հասցրել էին օրհասական դրության։ Եթե այս ամենին ավելացնենք Խոսրով Բեկ Սուլթանովի անփառունակ կառավարումը, նրա սանձազերծ կամայականությունները, անիմաստ և անխոհեմ ազգամիջյան կռիվները, երկրամասում տիրող անարխիան, մուսավաթական արյունախում բանդաների ավազակային ամբողջ գործունեությունը, ապա Արցախի մղձավանջային իրավիճակի պատկերը կլինի ամբողջական ու լրիվ։ Նման խառնակ պայմաններում 11-րդ կարմիր բանակի ճնշման