Էջ:Artcakh history.pdf/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո գյուղում այսպես կոչված նոր սոցիալիստական արտադրական հարաբերությունների ձևավոր­ման գործը ընթացավ բարդ, հաճախ էլ իրարամերժ գաղափարների հակամարտության պայմաններում։

Բանն այն է, որ խորհրդային երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը մանրապրանքային արտադրությամբ զբաղվող գյու­ղացիներ էին, որոնք մինչև ուղն ու ծուծը հազարավոր թելերով կապ­ված էին պապենական հողին։ Նման երկրում գյուղատնտեսական վերընթացի և, ընդհանրապես, հասարակության բոլոր անդամների բարեկեցիկ կյանքի ապահովման հիմնական միջոցը հողվորի նյու­թական շահագրգռվածության անընդհատ բարձրացումն է։ «Անհրաժեշտ է գյուղացուն առկել իր շահերին»,- ժամանակին նկատել է Ն. Բուխարինը623։

Իսկ ի՞նչ ուղեգծով ընթացավ խորհրդային գյուղատնտեսությու­նը։ 1929թ. աշնանը կուսակցության Կենտրոնական կոմիտեն, խեղաթյուրելով գյուղատնտեսության վարման ավանդական համամարդ­կային սկզբունքները, անտեսելով կոոպերացիաների տարբեր ձևերի համամասնական զարգացման և դրանց ստեղծման գործընթացում կամավորության խստագույն պահպանման սկզբունքը, որոշեց անց­նել համատարած կոլեկտիվացման և դրա հիման վրա կուլակության՝ որպես դասակարգի վերացման քաղաքականությանը։ Մինչև իսկ Կենտկոմի 1929թ. նոյեմբերյան պլենումն այդ չհիմնավորված շրջադարձը գնահատեց որպես «…նոր պատմական էտապ մեր երկրում սոցիալիզմի կառուցման գործում»624։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումը ոչ թե բխում էր ժամանակաշրջանի ոգուց ու պայմաննե­րից, այլև այն դիտվում էր որպես հացամթերման հիմնահարցի, երկ­րի արագացված ինդուստրացման համար նյութական, աշխատան­քային և ֆինանսական անհատույց միջոցների կորզման ձև։

Կոլտնտեսային շարժման ախտը համակել էր նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Հարկ է նշել, որ ՆԷՊ-ի տարիներին, մանավանդ 1925-1928 թվականներին, մարզում փորձեր կա­տարվեցին ստեղծել կոլտնտեսություններ։ Այսպես, 1925թ. Ջրաբերդի շրջանի Կարմիրավանում ստեղծվեց Ստեփան Շահումյանի