Էջ:Artcakh history.pdf/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխանցվելով կարծրացել ու դարձել են երկրամասի հայու­թյան յուրատիպ անկրկնելի հատկանիշը։ Ղարաբաղցի հայ հավատավորը նմանօրինակ յուրատիպ խառնվածքով իր ամենաթանկը՝ արյունը չխնայեց հայրենականի տարիներին։ Այն նվիրաբերեց, որպեսզի իր ժառանգը մինչև վերջ չքամի դժնդակ անարդարության, ստի ու կեղծիքի թանձր մրուրը։ Բայց իրարամերժ են իրական կյանքն ու արդարությունը։ Ղարաբաղցի հողվորը, հորովելի կանչը սրտում, զենքը ձեռքին Ուկրաինայի տափաստաններում, Դնեպրի ափերին, հեռավոր Լեհաստանում ու օտար Չեխոսլովակիայում կռ­վում և իր մատաղ կյանքն էր զոհաբերում, որպեսզի ապրի իր հայ­րենի արծվաբույնը, այն չկորչի պատմության անէության մեջ։

Պատերազմի տարիներին արցախահայերի ներդրած ավանդը կարելի է բնորոշել հայ ժողովրդի պանծալի զավակ, ծագումով գետաշենցի, ծովակալ Ա.Ի. Իսակովի խոսքերով. «Եթե մենք գնահատում ու հարգում ենք նրանց, ովքեր, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, հերոսաբար պաշտպանում էին անմիջականորեն իրենց տունը, իրենց օջախն ու ընտանիքը, ապա էլ ավելի պետք է սիրենք ու ըստ արժանվույն գնահատենք նրանց, ովքեր առանց երկար մտածելու արյունահեղ մարտերի մեջ էին մտնում իրենց տնից 2-3 հազար կմ հեռու եղբայրական հանրապետությունների հողում՝ պաշտպանելու ընդհանուր գործը, ընդհանուր ունեցվածքը։ Ահա սա է հայրենասիրության բարձրագույն ձևը… Ռուսների, ուկրաինացի­ների, բելոռուսների և Միության մյուս ժողովուրդների ներկայացու­ցիչների հերոսությունը կատարվում էր հանուն հաղթանակի, ընդ­դեմ ընդհանուր թշնամու, ի երջանկություն բոլորի, այդ թվում նաև հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության, ազատության ու երջանիկ ապագայի»642։

Չկար փոքրիկ երկրամասի մի գյուղ ու բնակավայր, որտեղ հասած չլինեին մահասփյուռ պատերազմի սահմռկեցուցիչ դղրդյունները։ Առաջին համաշխարհայինից մնացած, դեռևս չսպիացած վերքերը նորից նվնվացին։

Պատերազմի հենց առաջին օրերին հազարավոր մարդիկ կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Մարդիկ խնդրում էին իրենց ու­ղարկել այնտեղ, ուր որոշվում էր հայրենիքի ճակատագիրը։