ծագեց մասսայական շարժում՝ կամավոր հիմունքներով պաշտպանության ֆոնդ ստեղծելու համար։ Պաշտպանության ֆոնդ էին մուծվում փող, պետական փոխառնություններ, ոսկե ու արծաթե իրեր։ Այդ նպատակների համար մեծ գումար էին հատկացնում կիրակնօրյա աշխատանքային վաստակից։ Մարզի տնտեսությունները պլանից դուրս ցանում էին «պաշտպանության հեկտարներ», որոնցից ստացված ամբողջ բերքը օգտագործվում էր երկրի պաշտպանական կարիքների համար։
Պատերազմի տարիներին ղարաբաղցիները երկրի պաշտպանության ֆոնդ են մտցրել 2762337 ռուբլի, 2 կգ 71 գ ոսկի, 31 կգ 989 գ արծաթ։ Տանկային շարասյունների և մարտական ինքնաթիռների կառուցման ֆոնդն է մուծվել 1631214 ռուբլի և 5961905 ռուբլու արժողությամբ պետական պարտատոմսեր647։
Հարկ է նշել, որ 1942թ. վերջին և 1943 թվականի ընթացքում Ադրբեջանում հավաքվել և «Ադրբեջանի կոլխոզնիկ» տանկային շարասյան ֆոնդն է մտցվել 81մլն 200000 ռուբլի, որից 23 մլն 293100 ռուբլին մուծել են Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսությունները648։
Այսպիսով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին լեռնային այս փոքրիկ երկրամասի հայությունը իր մարդկային և նյութական ողջ կարողությունը անմնացորդ ի սպաս դրեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ ժամ առաջ մոտեցնելով բաղձալի հաղթանակը։