Էջ:Artcakh history.pdf/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լեռնային Ղարաբաղից ամեն տարի հազարավոր երիտասարդ­ներ էին հավաքագրում և ուղարկում հանրապետության արդյունաբերական կենտրոնները՝ կառուցապատելու, ինչպես նաև Միլլի ու Մուղանի անջրդի հողահանդակները յուրացնելու։

Մշակովի հողահանդակների պակասը, ցածր բերքատվությունը, ոռոգման համակարգերի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը ստիպում էին հարևան ադրբեջանական շրջաններում զբաղվել արտագնա աշխատանքով։ Ծանր աշխատանքը, կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունը մասսայական հիվանդությունների և մահացության պատճառ էին դառնում։ «Տարեց-տարի բնակչության նոր հավաք է կազմակերպվում. ընտանիքների առավել եռանդուն և գործունյա անդամները ստիպված լքում են իրենց հայրենիքը։ … ԼՂ-ում տուն չկար, որ մեկ անդամի չուղարկեին արտագնա աշխատանքի»651։

Միլլի տափաստանում հայ գյուղացիներին հողեր էր հատկաց­վում, պայմանով, որ նրանք պիտի ապրեին Ադջաբեդիի շրջանում652։ Հայ բանվորների ջանքերի շնորհիվ կառուցվեց Միլլի հայտնի ջրանցքը, որը կոչվեց «գյավուր արխ»։

Խորհրդային իշխանության տարիներին ԼՂԻՄ-ում զարգացած էր կանանց աշխատանքի պահանջ ունեցող արդյունաբերությունը, և դա գիտակցաբար էր արվում Ադրբեջանի ղեկավարության կող­մից, որպեսզի տղամարդիկ հեռանան մարզից։

Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանից կտրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը երկրամասից հայ բնակչության արտահոսքը արագացնելու նպատակով արհեստականորեն արգելակում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը։

Դա առանձնապես արտահայտվել է բարձր որակավորման մասնագետ կադրերին աշխատանքով չապահովելու հարցում։ Առանձնապես Հայաստանում կրթություն ստացած մասնագետները մարզում աշխատելու ոչ մի հնարավորություն չունեին։ Հայկական կրթություն ունեցող երիտասարդներին վարչա-կառավարչական մարմիններում աշխատելը արգելված էր։

Հայ բնակչության արտագաղթին ուղղակի նպաստել է դպրոց­ներում սովորելու համար տարրական պայմանների բացակայությունը: