Էջ:Artcakh history.pdf/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գորբաչովի, կուսակցական ու պետական այլ գործիչների լուսանկարներով, ինչպես նաև «Լենին-կուսակցություն-Գորբաչով», «Հանուն վերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայ­նության» ու նման այլ ցուցապաստառներով:

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության ցանկություններին՝ 1988թ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով676։

Սակայն կենտրոնը, չնայած իր կողմից հռչակած «վերակառուցման», «հրապարակայնության» և «ժողովրդավարության» քաղաքականությանը, ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նկատմամբ անհանդուրժողական դիրք գրավեց, քանի որ երկրի ներսում ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործումը լուրջ վտանգ էր սպառնում կոմունիստական կուսակցության համապարփակ տի­րապետությանը։ Ուստի և պատահական չէր, որ արդեն իսկ փետր­վարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն իրականությունից հեռու մի որոշում ընդունեց, որով Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծմանը ձգտող ժաղավրդական շարժումը որակեց որպես «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է Ադր­բեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին։ Միաժամանակ որոշում ընդունվեց հայկական մարզի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը նպաստող միջոցառումներ մշակել677։

Դրան հաջորդեց 1988թ մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդի՝ 1988-1995թթ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների վերաբերյալ որոշումը678, որով նախատեսված միջոց­ները հետագայում հիմնականում նպատակաուղղվեցին մարզի ադրբեջանական բնակավայրերի արհեստական խոշորացմանը։

Փաստորեն, արցախահայության քաղաքական հիմնահարցի լուծումը նենգափոխվեց և խճճվեց սոցիալ-տնտեսական զարգաց­ման միջոցառումների անհեռանկար փաթեթով։