Էջ:Artcakh history.pdf/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ ավելին, կուսակցության և պետության ղեկավարները հայ ժողովրդին հասկացրին, որ իրենք ի զորու չեն լուծելու հիմնահարցը՝ ակնարկելով «ադրբեջանական գործոնի» առկայությունը (թեզ, որն իր ժամանակին շրջանառության մեջ է դրել Նարիմանովը)։ Կրեմլը սերտորեն սկսեց համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։

Երկրի զանգվածային լրատվության ողջ համակարգը բացահայտ հակահայկական դիրք գրավեց։ Ամեն օր ինտերնացիոնալիզ­մի և ժողովուրդների բարեկամության հնահունչ քարոզչության ու խոհեմության բարձրագոչ կոչերի ներքո վարկաբեկում էին հայ ժողովրդին, մեղադրում նրան ուրիշի հողերը զավթելու համար կատարվող «ոտնձգությունների» մեջ ու զանազան այլ պիտակներ կպցնում նրա համազգային շարժմանը։

Կրեմլը արցախյան պարզ ու հստակ հիմնախնդիրը խորացնելով դարձրեց «անլուծելի»։ Արցախահայության շարժմանը սատար կանգնելու համար 1988թ. փետրվարի 21-ից Հայաստանում զանգվածային ելույթների մեծ ալիք սկսվեց։ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում և Արցախում կոորդինացնելու նպատակով Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ մարտի սկզբներին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն։ Հանրապետության գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, շրջաններում և քաղաքներում կազմավոր­վեցին «Ղարաբաղ» կոմիտեներ, որը և շարժմանը կազմակերպչական նոր ձև տվեց։

1988 թ. փետրվարյան օրերին ԼԴԻՄ-ի ղեկավարությունը ազատագրական շարժումը գլխավորելու փոխարեն նրա նկատմամբ սկզբում անտարբերություն, իսկ հետագայում ծայրահեղ զգուշավո­րություն ու վախկոտություն դրսևորեց։ Ուստի և, պատահական չէր, որ ժողովուրդն ինքն ընտրեց շարժման ղեկավարներին։ Ստեփանակերտում փետրվարի 2-ին հանրահավաքում ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն, որը գլխավորում էր Արկադի Մանուչարովը։

Լեռնային Դարաբաղի հայ բնակչության սահմանադրական պահանջներին հակադրեցին բիրտ ուժի և բռնության քաղաքականությունը։ Դեռևս մինչև մարզային խորհրդի նստաշրջանի հրավի­րումը հանրապետական հանձնախմբի կազմում Ստեփանակերտ