Էջ:Artcakh history.pdf/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանած Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ասադովը որոշակիորեն սպառնաց Ղարաբաղ «հարյուր հազար ֆանատիկաների» ներխուժումով։ Ղարաբաղը սպանդանոց դարձնելու հայտարարությունները վերածվեցին կոնկրետ գործողությունների։

1988թ. փետրվարի 22-ին Աղդամի շրջանից, իրենց ճանապարհին ամեն ինչ ավերելով, ադրբեջանական բազմահազարանոց հրո­սակները շարժվեցին Ստեփանակերտ՝ «կարգուկանոն հաստատե­լու», բայց Ասկերանի մատույցներում կանգնեցվեցին և հետ շպրտվեցին679։ Կրոնաազգայնամոլական շաղախով բռնկված հիստե­րիան շուտով Ադրբեջանում ծավալուն չափեր ստացավ։

Ահաբեկման հերթական քայլը եղավ հայերի ցեղասպանությու­նը Սումգայիթում, որը սկիզբ դրեց Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին փուլին[1]։ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրագտնվող Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց տեղի հայ ազգաբնակչության ջարդ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, վայրագ ամբոխի կողմից գազանաբար տանջամահ արվեցին 27 հայեր, խոշ­տանգվեցին ու ծանր վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ680։

Սումգայիթը նախապես պլանավորված փորձ էր հետագա մեծամասշտաբ ցեղասպանություն իրագործելու համար։ Նրա կազ­մակերպիչները դրանով իսկ ցանկանում էին շոշափել կենտրոնական իշխանությունների, իրավապահ մարմինների, լրատվական միջոցների դիրքորոշումը։ Փորձը լավ քննություն բռնեց: Սումգայիթյան և դրան հաջորդող դեպքերի դահիճները շրջանցվեցին, ոճիրը մնաց ստվերում, բանդիտիզմը չորակավորվեց և քաղաքական գնահատական չստացավ։ Իսկ դա, եղեռնագործին ավելի ոգևորելով, նոր ոճիրների մղեց։

  1. Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հայ բնակչության ցեղասպանությունն ու զանգվածային բռնագաղթը երկու տարվա ընթացքում հաջորդաբար բռնկվեց չորս փուլերով։ Երկրորդ փուլը սկսվեց 1988թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ցեղասպանության ալիքը ոլորապտույտի մեջ ներքաշեց Ադրբեջանի գրեթե ամբողջ հայ բնակչությանը։ 1989թ. հուլիս-օգոստոսյան օրերից սկսած սկիզբ առավ երրորդ մեծ բռնագաղթը։ 1990թ. հունվարին Բաքվում ժողովրդական ճակատը Ադրբեջանի կառավարող իշխանությունների հետ մեկ բռունցք կազմած, ձեռնարկեց մի նոր ցեղասպանություն որը դարձավ Ադրբեջանից հայերի արտաքսման չորրորդ և վճռական փուլը։