Էջ:Artcakh history.pdf/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԸ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Ք.ա. 7-րդ դարի վերջերին Առաջավոր Ասիայում կատարվեցին նոր տեղաշարժեր, որոնք իրենց անդրադարձները ունեցան Հայկական լեռնաշխարհի քաղաքական կացության վրա։

Աննախընթաց վերելքի ուղին բռնեց Մարաստանը։ Մյուս կող­մից էլ Ուրարտուն ապրում էր ներքին խռովահույզ ժամանակաշրջան։ Օրեցօր իրենց զգացնել են տալիս կենտրոնախույս ուժերը։ Արմե-Շուբրիայի կառավարիչ Պարույր Սկայորդին, չենթարկվելով Ուրարտուի կենտրոնական իշխանությանը, իր ձեռքի տակ է միավորում լեռնաշխարհի ողջ արևմտյան մասը՝ Վանա լճից մինչև Եփրատ։ Այդ ժամանակ Մարաստանը և Բաբելոնը դաշինք էին կազմել ընդդեմ Ասորեստանի։ Նրանց միանում է Պարույրը՝ հայկական զորքերով։ Դաշնակիցների հարվածների տակ Ք.ա. 612թ. կործանվեց երբեմնի հզոր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, իսկ Ք.ա. 580-ական թվականներին՝ Վանի թագավորությունը։ Մարաստանի Կիաքսար թագավորը իրեն մատուցած ծառայության դիմաց Պարույրին ճանաչեց իբրև Հայոց թագավոր։

Այսպիսով, Հայաստանում հիմնվում է նոր թագավորական դի­նաստիա, որը Պարույր արքայի ազգական և իրավահաջորդ Երվանդ Սակավակյացի անունից ստացավ «Երվանդունյաց» կամ «Երվանդական» անունը (Ք.ա . 580-ական−201թթ.)։

Երվանդունիները իրենց գահակալության առաջին իսկ տարիներից ուշադրության կենտրոնում էին պահում Արարատյան դաշտավայրը, որը շուտով դառնում է հայ ժողովրդի տնտեսական-քաղաքական