Էջ:Artcakh history.pdf/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1995թ. բուհը վերանվանվեց Արցախի պետական համալսարանի։ ԽՍՀՄ փլուզումից և ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց դպրոցական կրթության կատարելագործման ուղիների որոնում։ Մշակվում են ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվում ուսումնական նոր ծրագրեր և դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքով հայ երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցներում, միաժամանակ կրճատվեց ռուսական դպրոցների թիվը։ 2000-2001 ուսումնական տարում ԼՂՀ–ում գործել են 216 դպրոցներ։

Սակայն ներկայումս տնտեսության մեջ տիրող ճգնաժամային իրավիճակը արգելակում է կրթական կյանքի զարգացմանը։ Դպրո­ցահասակ երեխաների կրթության ու դաստիարակության բնագավառում ձեռք բերված հաջողություններին զուգահեռ որոշակի աշ­խատանքներ կատարվեցին նաև նախադպրոցական հիմնարկների կազմակերպման ու սպասարկման ուղղությամբ։ 1988թ. մարզում գործում էր 98 մանկապարտեզ707։

Խորհրդային իշխանության տարիներին ԼՂԻՄ միջնակարգ դպրոցները ավարտած հարյուրավոր շրջանավարտներ, բարձրագույն կրթություն ստանալով միութենական հանրապետությունների քաղաքներում, դարձան ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների որակյալ մասնագետներ։ Նրանց մի մասը դար­ձան աշխարհահռչակ գիտնականներ։

Արցախ աշխարհը հանդիսանում է հայ գիտության ու լուսավո­րության այն շտեմարանը, որ տվել է գիտնականների փայլուն համաստեղություն՝ Լեո, Աշոտ Հովհաննիսյան, Առաքել Առաքելյան, Արսեն Տերտերյան, Անդրանիկ Ճաղարյան, Անդրանիկ Իոսիֆյան, Ռաֆայել Մայիլյան, Արմեն Թախտաջյան, Արտյոմ Սարգսյան, Սամվել Գրիգորյան, Բագրատ Ուլուբաբյան, Իվան Կնունյանց, Նիկոլայ Ենիկոլոպով։ Այս շարքը կարելի է շարունակել։ Միայն 80-ական թվականներին գործում էին ԽՍՀՄ գիտությունների ակադե­միայի և միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաների 23 իսկական անդամներ, գիտությունների ավելի քան 115 դոկտոր708։

Քննարկվող ժամանակահատվածում ուշադրություն էր դարձ­վում գեղարվեստական խոսքի զարգացմանը։