Էջ:Artcakh history.pdf/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

միջև թեժ պայքարը նոր ընթացք ստացավ Ուտիքում։ Խորենացին վկայում է, որ Երվանդը Ուտիքում էր, երբ լուր ստացավ, թե Արտաշեսի դայակ Սմբատը պարսիկների հետ դաշնակցած մեծաքանակ զորքերով խորանում էր Հայոց նահանգներում։ Երվանդը այդ նահանգում թողնելով կողմնապահներ, ինքը տեղափոխվում է խոր թի­կունք՝ Արարատյան դաշտավայր, իր շուրջը համախմբելով դաշնակիցներին։

Արտաշեսը, մտնելով Ուտիք, նրան են միանում հայ նախարարները և համատեղ ուժերով Սևանա լճի ափերով հասնում Երվանդի բանակին։ Ճակատամարտում՝ պարտության մատնելով Երվանդին, Ք.ա. 201թվականին Արտաշեսը գրավում է Երվանդաշատ մայ­րաքաղաքը և իրեն հռչակում Մեծ Հայքի կառավարիչ61։ Նույնը կատարեց Զարեհը Ծոփքում։ Քիչ անց Ք.ա. 189թվականին Արտաշեսը, օգտվելով արտաքին բարենպաստ հանգամանքներից, իրեն հռչակեց անկախ Մեծ Հայքի թագավոր։

Լինելով Երվանդունյաց տոհմի շառավիղներից մեկը, նա այնքան մեծագործություններ կատարեց և խոր հետք թողեց Հայոց կենսագրության մեջ, որ ընդունված է նոր պետությունը անվանել Արտաշեսյան (Ք.ա.189-Ք.հ.1թ.):

Հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնը վկայում է, որ հայկական պետությունը Արտաշեսի օրոք ընդարձակվել է բոլոր չորս ուղղություններով։ Դեպի արևելք կատարված արշավանքների հետևանքով ձեռք բերված երեք երկրամասերից (Կասպիանե, Փավնիտիս, Բոսորոպեդիա) վերջինը համընկնում է Պարսպատունիք գավառին, երկրորդի տեղը պարզ չէ, իսկ առաջինը՝ Կասպիանեն, Կուրի և Արաքսի գետախառնուրդի շրջանն է և նրանից արևելք, մինչև Կասպից ծովն ընկած երկիրը, որը նույնանում է Փայտակարանի հետ62։ Մ.Խորենացին այն անվանում է Կասբից երկիր63 և, հենվելով Օղյումպ քրմի պատմածի վրա, մանրամասնություններ հաղորդում Արտաշեսի՝ դեպի այդ կողմ կատարած արշավանքի մասին64։ Մ.Խորենացու հաղորդմամբ, այդ երկիրը նախապես էլ Հայաստանի իշխանության տակ է եղել և Արտաշեսի օրոք ապստամբել է։ Արտաշեսը զորք է ուղարկում զորավար Սմբատի ղեկավարությամբ, որը ճնշում է ապստամբությունը և գերեվարում երկրի