Էջ:Artcakh history.pdf/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու զգեստավորված կիսամարդակերպ սպառազեն որսորդների կերպարներ, որոնք հետապնդում են եղջերուների։ Այս պատկերի մեջ շեշտված են անտառների ու որսի աստվածությունները։

Եթե նախորդ շրջանում հայկական կրոնի մեջ գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումները, ապա հել­լենիզմի դարաշրջանում վերջնականապես ձևավորվում է ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղն ու դերը և ընդգրկում էին ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական հարաբերությունների ոլորտնե­րը։ Արցախում տեղ է գտել արևի և արդարադատության աստված Միհրի պաշտամունքը։ Ղազախ քաղաքի արվարձաններում պահ­պանվել է հեթանոսական տաճարի մնացորդներ, որը նվիրված էր Միհր աստծուն։

Ամենայն հավանականությամբ Դադի վանքի տեղում նույնպես եղել է Միհր աստծու տաճար։

Արցախում և Ուտիքում տարածված էր նաև Արամազդի ու Անահիտի պաշտամունքը։

Քարավաճառի շրջանի Չաղրթաղի խաչքարերի վրա պահ­պանվել է Արամազդ աստծո խորհրդանիշը հանդիսացող քանդակը։ Դիոն Կասիոսի վկայությամբ Կուր գետի առափնյա հատվածում Անահիտի անվամբ կար առանձին մարզ։

Արցախի հնագույն մշակույթի անբաժանելի մաս է կազմում նրա բարբառը։ Նրա տարածման սահմանների մեջ է մտնում Արցախը, Ուտիքը, Փայտակարանը, Սյունիքը։

Արցախահայութունը բազում դարեր շարունակ, անտեսելով դժ­վարություններն ու կյանքի մատուցած անակնկալները, անաղարտ է պահել ոչ միայն երկրի սահմանը, այլև իր հյութեղ բարբառը, որը հետագա հարյուրամյակներում նոր բնագծերի նվաճման հիմք դարձավ։