Էջ:Artcakh history.pdf/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

Արշակ Բ-ի կառավարման տարիներին (350–368թթ.) Արցախի Առանշահիկները հայոց մի շարք նահանգների նախարարական տների հետ միասին իրենց դուրս համարեցին Արշակունյաց գերագահության վարույթից։ Սակայն շուտով Պապի ժամանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը պատժեց անհնազանդ իշխաններին և հյուսիսում նորից սահման դարձրեց Կուր գետը՝ «ինչպես որ առաջ էլ եղել էր»97։ Այս իրողություններն արտացոլվել են Հայոց արքունի­քում նախարարների պատվաստիճանն ու զբաղեցրած տեղերը վավերացնող պետական փաստաթղթում՝ «Գահնամակում» և նախարարների ռազմական ուժը ցույց տրվող «Զորանամակում»։ Ըստ վերջինի՝ Փայտակարանը հայ կենտրոնական բանակին տալիս էր 300 զինվոր և նրանց նախարարը գրավում էր արքունիքի 70 բարձերից իններորդ տեղը, իսկ Ուտիքի իշխանը նույն բանակին տրամադրում էր 1000 զինվոր98։

Ճակատագրի քմահաճ բերումով Հայքը, սփռված լինելով արևելքից արևմուտք տանող տարանցիկ ճանապարհների խաչմերուկում, հզոր տերությունների համար հայակործան պատերազմների թատերաբեմ է եղել։ Մինչև 4-րդ դարի երկրորդ կեսը աշխար­հի չորս կողմերից Հայաստան խուժած հորդաները, դեմ առնելով հայ բազկին, հողմացրիվ էին լինում։

Մեծ Հայքի կործանման գործում առանձնակի ակտիվություն էին ցուցաբերում Սասանյան Պարսկաստանն ու Բյուզանդական կայսրությունը։

387թ. պարսկա-բյուզանդական համաձայնությամբ Մեծ Հայքի թագավորությունը ծվեն-ծվեն արվեց երկու բռնակալ տերությունների միջև։ Հայաստանի արևելյան հատվածը անցավ Պարսկաստանին, իսկ արևմտյանը՝ Բյուզանդիային։ Դեռ ավելին, հայ նախարարների դիմադրական ուժը լիովին կոտրելու նկատառումով «…նրանից էլ շատ գավառներ այս և այնտեղ խուզվեցին… և այն ժամանակ և այնուհետև հայոց թագավորությունը բաժանվեց, ցրվեցավ, նվազեցավ, իր նախկին մեծությունից ընկավ․․․ և երկուսի աշխարհներից (խոսքը վերաբերում է Հայաստանի բյուզանդահպատակ մասի թագավոր Արշակին և պարսկահպատակ մասի թագավոր Խոսրովին-Վ.Բ.) մի փոքր մասը մնաց երկու թագավորներին»99։