Էջ:Artcakh history.pdf/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

387թ. բաժանման համաձայն՝ դեռևս 363թ. «ամոթալի դաշնագ­րից» մի քանի տարի անց անջատված Մեծ Հայքի ծայրամասերը, որոնք այնուհետև վերամիավորվել էին Պապի թագավորության տարիներին, կրկին անջատվեցին։ Դրանք էին Ուտիք, Բաղասական աշխարհները, ինչպես և «Մարաց ամուր աշխարհը» և Գուգարքի հյուսիսային գավառները։ 387թ. դաշնագրի համաձայն սրանց գու­մարվեցին բդեշխությունները՝ Աղձնիքը, Կորդուքը, Նոր–Շիրականը, Գուգարք նահանգն ամբողջովին, ապա հետագայում, Վարդանանց ապստամբությունից հետո, նաև Արցախ նահանգը։ Սրանք ծայրամասային, «եզրային» նահանգներ էին՝ 103359 քառ. կմ ընդհանուր տարածությամբ100։

Այդպիսով՝ Մեծ Հայքն ընդմիշտ մասնատվում էր, մնում էր Միջ­նաշխարհը՝ Բարձր Հայք, Ծոփք, Ծոփք Մեծ, Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք, Այրարատ նահանգները՝ 184916 քառ. կմ ընդհանուր տարածությամբ։ Միջնաշխարհն իր հերթին բաժանվում էր երկու մասի. նրա արևելյան մեծագույն մասը՝ 73%-ը (երեք քառորդից ավելին)՝ 134341 քառ. կմ տարածությամբ, ենթարկվում էր Սասանյան Իրանին, իսկ 27%-ը (գրեթե մեկ երրորդը), այն է՝ 50575 քառ.կմ, անցնում էր Հռոմեական կայսրությանը101։

Արշակ Գ-ի մահից հետո հույներն իրենց բաժնում այլևս թագավոր չնշանակեցին։ Այդպիսով՝ Արևելյան Հռոմեական կայսրության հպատակ Արևմտյան Հայաստանը կորցրեց իր պետականությունը։ Հայ ժողովրդի համար սկսվեց մղձավանջային մի շրջան։

Նման անփառունակ վախճան պիտի ունենար նաև Արևելյան Հայաստանը։

Սակայն միառժամանակ դեպքերը զարգացման այլ ընթացք ունեցան։ Ուրիշ կերպարանք ստացավ քաղաքական կյանքը Արևե­լյան Հայաստանում։ «Հայաստանի բաժանմամբ նրա մեծագույն մասը դարձել էր Սասանյան Պարսկաստանից վասալական կախում ունեցող մի երկիր, որն արդեն ձևաորված նախարարական իրավունքի հիման վրա պահպանել էր իր ներքին ինքնավարությու­նը»102։

Պարսից արքայից արքան, հայ նախարարական տների հզորությունը հաշվի առնելով, դեռևս չէր համարձակվում Հայոց երկիրը