Էջ:Artcakh history.pdf/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անջատվեցին ու Աղվանքին միացվեցին Արցախ և Ուտիք նահանգները և Աղվանք վարչաքաղաքական միավորի հարավային սահմանը առաջին անգամ հասցվեց մինչև Արաքս գետը։

Հարկ է նկատել, որ Սասանյանները նման գործ ձեռնարկեցին Արշակունյաց հարստության կործանումից անմիջապես հետո, սակայն Արցախի հայության անզիջում դիմադրության հետևանքով այդ ծրագիրը մնաց անկատար մինչև 450-ական թվականները։

Դրա մասին է վկայում նաև Եղիշե պատմիչի մի հաղորդում, ըստ որի մինչև Ավարայրի ճակատամարտը Վասակ Սյունին պառակ­տիչ գործունեություն էր ծավալում նաև «ամենայն կողմանս ամրականաց աշխարհին, ի Տմորիսն և ի Կորդիսն, յԱրցախ և յԱղուանսն, ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց»104։

Այս քննությունից կատարելիք միակ եզրակացությունն այն է, որ Արցախն ու Ուտիքը հայոց մյուս նահանգների հետ միասին ճակատ հարդարելով շարունակում են պայքարը բոլոր այն արհավիրքների դեմ, որ, սկսած միասնական հայկական թագավորության անկումից(428թ.), բերում էին օտար բռնակալները։