Էջ:Artcakh history.pdf/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և Գրիգոր Լուսավորչին ուղեկցել են Կեսարիա քաղաքը, որտեղ նրան Հայոց երկրի քահանայապետ են օծել։

Ծավդեից անանուն այդ իշխանը Հայոց Արևելից կողմերի աշ­խարհիկ տերերից առաջինն էր, որը Եփրատի սուրբ ջրերում մկր­տություն ընդունելով ձեռնամուխ եղավ Արցախում քրիստոնեու­թյան արմատավորման գործին։ Նրան ամենուր աջակցում էր Հայոց առաջին հայրապետը՝ Գրիգոր Լուսավորիչը։ Նա Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հիմնադրել ու կառուցել է Հայոց երկրի առաջին եկեղեցիներից մեկը։

Ըստ ավանդության՝ եկեղեցու շինարարությանը հետևելիս՝ Գրի­գոր Լուսավորիչը ամեն առավոտ բարձրանում էր Ամարասի դիմացի բլուրը, կատարում լուսաբացի իր աղոթքը։ Այդ պատճառով էլ այն բլուրը առ այսօր Լուսավորչի սար է կոչվում։

Քրիստոնեության տարածման այս նախնական շրջանում Հայաստանի և հարևան երկրների բնակչության զգալի մասը դեռևս հե­թանոս էր, այդ իսկ պատճառով հատուկ դեր էին կատարում քարո­զիչները՝ քորեպիսկոպոսները, որոնք գնում էին ծայր գավառներն ու այդ երկրների առավել հետամնաց շրջանները՝ կրոնական նոր ուս­մունքը տարածելու։ 4-րդ դարում Վեկերտի Հոբ անունով մի քահանա քրիստոնեություն տարածեց Արցախի Պարսկանք կոչված գավառում։

Այդ քարոզիչներից առանձնապես հայտնի է Գրիգորիս եպիսկոպոսը։ Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչի օրոք միայն բուն Հայաստանում գոյություն են ունեցել շուրջ 400 եպիսկոպոսական թեմեր։ Վրթանեսը իր 15-ամյա որդուն՝ Գրիգորիսին կարգում է Հայոց Արևելից գավառների եպիսկոպոս։ Չնայած երիտասարդ հասակին, Գրիգոր Լուսավորչի թոռը իր եռանդուն գործնեությամբ, խս­տաբարո վարքով և պահվածքով մեծ ազդեցություն ունեցավ նորադարձ ժողովրդի վրա, վերանորոգեց ու շինեց եկեղեցիներ, ավար­տին հասցրեց իր պապի կողմից հիմնադրած Ամարաս ավանի եկեղեցին, որը դառնում է ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Աղվանքի հոգևոր կենտրոններից մեկը։ Նա հորդորեց ամենքին՝ զորանալ իրենց նոր հավատքի մեջ։ Գրիգորիսի համբավը տարածվում է նաև հարևան Աղվանից երկրում։ Արցախում և Ուտիքում իր եկեղեցական