Էջ:Artcakh history.pdf/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչև հայ նախարարների վերադարձը Հայոց աշխարհում առօրեական էր դարձել համընդհանուր ապստամբության գաղափարը։ Պարսից մոգերի առաջին իսկ միջոցառումները հանդիպեցին հայոց վճռական դիմադրությանը։ Մոգերի կանգնեցրած ատրու­շանները ոչնչացվեցին Անգղ գյուղում, Զարեհավանում և այլուր։ Այս ու այնտեղ ապստամբած հայ հավատացյալները քարկոծում էին մոգերին, որոնցից շատերը զոհ գնացին ժողովրդական ատելու­թյանը։ Ապստամբած ժողովուրդը հարձակվում է քաղաքների և ամրոցների վրա, ամենուրեք կոտորելով ու հալածելով պարսկական կայազորները։ Ապստամբական շարժումը թևակոխում է իր հաջորդ փուլը՝ տարերային ընդվզումից վերածվելով նախարարական Հայաստանի կազմակերպված ապստամբության։ Նախարարների մեծ մասը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, վճռել էր զենքով դուրս գալ պարսկական բռնապետության դեմ՝ պաշտպանելու իր ազգային ինքնուրույնությունն ու հավատը։

Հզոր թշնամու դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու նպատակով Վարդան զորավարի նախաձեռնությամբ շուտափույթ կերպով նամակներ են հղվում Թեոդորոս Բ կայսրին, հունաց ավագանուն և Բյուզանդական մասի նախարարներին՝ Աղձնյաց բդեշխին, Անգեղ տան իշխանին, Ծոփքի, Հաշտյանքի, Եկեղիքի գավառների մյուս իշխաններին ու Անտիոքի մեծ սպարապետին130։ Ղազար Փարպեցու տեղեկություններից երևում է, որ Վարդան Մամիկոնյանը և նրա համախոհները նույն բովանդակությամբ նամակներ չեն ուղարկել Հայոց Արևելից կողմանց, այդ թվում Արցախի իշխաններին։ Բանը նրանում է, որ Հայոց Արևելից կողմանց հայ նախարարները, առանց ապստամբական կենտրոնի հրավերի, կամովին ներ էին քաշ­վել ազատագրական շարժման հորձանուտների մեջ։ Այդպես էր Ավարայրում ու Սարդարապատում, այդպես է նաև այսօր։

Շուտով պարզվեց, որ վախճանվել է օգնություն խոստացած բյուզանդական կայսր Թեոդորոսը, իսկ նրան փոխարինած Մարկիանոսը ոչ միայն հրաժարվեց օգնել, այլև նախապատրաստվող հայկական ապստամբության մասին անմիջապես տեղեկացրեց պարսից արքունիքին։ Բյուզանդական Հայաստանի նախարարները ևս չեն կարողանում օգնության հասնել իրենց հայրենակիցներին։