Հայ ապստամբներին մնում էր հույսը դնել սեփական ուժերի վրա և պատրստվել ահեղ գոտեմարտի։ Այս միջոցին տագնապալի լուր է ստացվում, թե պարսկական բանակը 300 մոգերի հետ մեկտեղ, բռնի դավանափոխությունը ի կատար ածելու նպատակով, հարձակվել է Աղվանքի վրա։
Քննարկվող ժամանակաշրջանում Աղվանքում ապրող ցեղերը ապրում էին առանձին-առանձին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Այս հանգամանքից օգտվելով Հայոց Արևեյից կողմանց՝ Արցախի, Ուտիքի Վաչե Առանշահիկ թագավորը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։ Մեր թվարկության 5-րդ դարից սկսվող հայ պատմագրության մեջ Կուրի ձախափնյա երկրի վերը նշված ցեղանունները հիշատակվում են Լփնիք ձևով131։
Ուտիքի, Արցախի և Կուրի ձախափնյա շրջանների քաղաքական կյանքը իրենց ձեռքը վերցրած Առանշահիկները Վաչե թագավորի գլխավորությամբ կազմակերպեցին հակապարսկական շարժումը։ Վաչեի մայրը պարսկուհի էր, մոգական կրոնի հետևորդ։ Վաչեն իր հերթին ամուսնացած էր Հազկերտի քրոջ աղջկա հետ։ Հազկերտ Բ-ն հավատալով Վաչեի կեղծ ուրացությանը, պատանդությունից նրան ազատում է։ Հայորդին վերադառնալով հայրենիք, արյան կանչով անզիջում պայքար սկսեց պարսից հայակուլ քաղաքականության դեմ։
Վաչեի դեսպանները Վարդան Մամիկոնյանին և Վասակ Սյունեցուն խնդրում են արագացնել ռազմական գործողությունները պարսիկների դեմ և օգնության գալ իրենց։ Ստանալով այդ լուրը, հայերը իրենց ուժերը բաժանեցին երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, ուղարկվեց Հեր և Զարևանդ գավառները՝ հարավային սահմանները պահպանելու համար։ Զորքի մի մասը տրվեց Վասակ Սյունեցուն, որպեսզի սա իր առաջարկած ծրագրի համաձայն Սյունիքից գաղտնի ճանապարհով անցնի և թիկունքից հարվածի պարսիկներին։ Մնացած մասը տվեցին Վարդան Մամիկոնյանին, որը Գուգարքով պիտի անցներ Աղվանք ու օգներ ապստամբներին։
Վարդանանց գունդը Աղվանքին օգնության էր գնացել 450թ.