Էջ:Artcakh history.pdf/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին132։ Գնդին միացել էին Խորեն Խոռխոռունին, Արշավիր Կամսարականը, Թաթուլ Դիմաքսյանը, Արտակ Պալունին, Գյուտ Վահևունին, Հմայակ Դիմաքսյանը՝ իրենց զինվորական ուժերով։

Երբ Վարդան Մամիկոնյանն Այրարատը թողնելով, իր զորքով շարժվում էր դեպի Աղստև գետի հովիտը, Վասակ Սյունին նամակ­ներ է ուղարկում Փայտակարան՝ պարսից հազարապետ Միհրներսեհին և Ճորա երկրի սահմանապահ մարզպան Սեբուխտ Նիխորականին, որոնցով հայտնում է հայոց ռազմագնդերի գործողությունների մասին։ Հայոց զորքերի առաջխաղացումը կանխելու նպատակով Սեբուխտը թողեց Ճորա պահակն, անցավ Կուր գետը և մոտեցավ Խաղխաղին[1]։ Պարսկական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր հայոց գնդերին։ Վարդանը շուտափույթ հայոց այրուձին բաժանում է 3 մասի. աջ թևի զորամասի հրամանատարությունը հանձնում է Արշարունյաց իշխան Արշավիր Կամսարականին և նրան նիզակակից կարգում ավագ սեպուհ Մուշին՝ Դիմաքսյան տոհ­մից։ Ձախ թևի զորամասի հրամանատարությունը հանձնում է Խորեն Խոռխոռունուն և նիզակակից կարգում Հմայակ Դիմաքսյանին։

Վարդան Մամիկոնյանը ինքը վերցնում է կենտրոնական գունդը։ Վարդան զորավարը, չնայած իր ուժերի համեմատական փոք­րամասնությանը, նախաձեռնությունը չի թողնում Սեբուխտին։ Վարդանի զորագունդն Ուտիքի և Արցախի միացյալ ջոկատների հետ միասին նախահարձակ եղան, շփոթմունքի մեջ գցելով պարսկական գերակշիռ ուժերին։ Պարսիկներին համագործակցում էին

  1. Բնակավայր և ձմեռանոց Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Տավուշ գավառում, Կուրի աջ ափին, Լոփնաս(հավանաբար հետագայի Զակամ կամ Զեկամ) վտակի գետաբերանում։ Ըստ Ղ.Ալիշանի գտնվում էր հետագայի Ելիգավետպոլի նահանգի Ձեգամի(Զագամի) շրջանի Խալխանալը (Խալիխանլի) գետի տեղում։ Ագաթանգեղոսը, Ղ. Փարպեցին, Եղիշեն հիշատակում են որպես հայ և աղվան թագավորների ձմեռանոց։ Տես Թ.Խ.Հակոբյան, Ստ.Տ.Մելիք-Բախշյան, Հ.Խ.Բարսեղյան, Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.2, Եր., 1988, էջ 631։ Հայ պատմիչներից, մանավանդ Եղիշեն Խաղխաղը Աղվանից թագավորների ձմեռանոց ասելով, մեր կարծիքով, պետք է հասկանալ Հայոց արևելից կողմանց Առանշահիկների ձմեռանոցը, քանի որ 5-րդ դարի մեր պատմիչները Աղվանք ասելով հասկացել են Կուրի աջափնյակը, այսինքն Հայոց Աղվանքը։