Էջ:Artcakh history.pdf/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև աղվանական մի շարք ցեղախմբեր։

Հայերի հանկարծակի հարձակումը կործանարար հետևանք ու­նեցավ Սեբուխտի համար։ Վարդան Մամիկոնյանի գնդերը պարս­կական զորքի աջ և ձախ թևերին խփելով, սեղմում են գետին և մեծ ջարդ կազմակերպում։ Նրանց մի մասը ընկղմվում են ճահիճներում։ Պարսկական բանակի խղճուկ մնացորդները հրամանատարների հետ մեկտեղ փորձում են նավակներով Կուրի մյուս ափն անցնելով, փրկություն գտնել։ Փախչողներն ընկնում են Արշավիր Կամսարականի զինվորների նետերի տարափի տակ։ «Արշավիր Կամսարականը, ինչպես որ միշտ էր սուրբ զորավարի խոսքն ու կամքը հլու կատարող, շտապ իրագործելով նրա հրամանը, նավակների ու փախստականների ետևից նետեր արձակելով և խոցոտելով նավավարնե­րին ու շատ ուրիշներին, որոնք նավերի մեջ էին, սաստիկ վերքեր հասցրեց նրանց։ Վիրավորների տապալվելուց նավերն էլ կործանվում էին, և նավավարներից ու պարսիկ գլխավորներից շատ-շատերը գետասույզ լինելով կորան»133։ «Չափազանց հանդուգն հարձակման պատճառով գետասույզ եղածները ավելի շատ էին, քան ցամաքում սրով ընկածները։ Շատ սպանվածներից վճիտ ջուրը արյունի է փոխվում։ Նրանցից ոչ ոք չի ազատվում, միայն անտառախիտ թավուտներում թշնամու զորականներից մեկը զենքով բարձրանում է ձիու վրա և մազապուրծ եղած գույժ է տանում գլխավոր բանակը, որ փախչում, ապաստանում է մեծ մայրաքաղաքում»134։

Ճահճուտներում շարունակվող ճակատամարտի թեժ պահին Արշավիր Կամսարականն ու Մուշ Դիմաքսյանը իրենց ձիերով խրվում են տիղմի մեջ։ Առիթից օգտվելով Բաղասական[1] թագավորազներից ոմանք հարձակվում, սպանում են Մուշին և վիրավորում Գազրիկին։ Արշավիր Արշարունին օգնության հասնելով, իր զինակիցներով

  1. Գավառ Մեծ Հայքի հյուսիս-արևելյան սահմանագլխին, Ալբանիա-Աղվանքի Գարդման և Տաշիր տանող ճանապարհի վրա։ Հիշատակված է Կորյունի, Փ․Բուզանդի, Մ.Կաղանկատվացու և հետագա այլ պատմիչների կողմից։ Ոմանք Բաղասականը նույնացնում են Մեծ Հայքի Փայտակարան աշխարհին։ Ավելի հավաստի է թվում Ղ․Ալիշանի և այլոց այն կարծիքը, ըստ որի Բաղասականը տեղադրվում է Կուրի ձախ ափին, նրա ստորին հոսանքում և դիտվում է որպես Ալբանիա-Աղվանքի մեջ մտնող առանձին վարչատարածքային միավոր։ Այս կարծիքը բավական հիմնավոր պատմական փաստարկներով հաստատում է Բ․ՈՒլուբաբյանը։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, 1986, էջ 571։