Էջ:Artcakh history.pdf/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատյանում։

Ավարայրից հետո աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայ ժո­ղովրդի ամեն մի սերունդ խորին ակնածանքով և երախտագիտու­թյամբ է հիշում իր անձնվեր որդիներին։ Ավարայրի նահատակների անունները հավերժացնող բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել Հայոց աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում նաև Արցախում։

Արցախի հայությունը սրբությամբ է պահպանել Ավայրայրի բոցաշունչ ոգու՝ Ղևոնդ Երեցի հիշատակը։ Վարանդայի Ավետարանոց, Սարգսաշեն, Վերին Թաղավարդ և Մոշ-խմհատ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր է խոյանում Սուրբ Ղևոնդա անապատը կամ Ղևոնդիկ վանքը։ Եկեղեցում պահպանվում է Ղևոնդի պատկերը։ Այս բնակավայրերի տարեցները ասել են Սար­գիս եպիսկոպոս Ջալալյանին, թե Ս.Ղևոնդ երեցի և մյուս նահատակ հայերի նշխարները բերել ամփոփել են այդտեղ ու կառուցել եկեղեցի142։ Եկեղեցում մի շարք մասունքների հետ պահպանվում է Ղևոնդյանց մասունքները մի արծաթե միջակ խաչում[1]։

Հադրութի շրջանի ծայրամասային Ամուտուկ (այժմ Թեզխարաբ) գյուղի եկեղեցին կոչվում է Վարդան Զորավարի անունով։ Այդ եկեղեցում, իբրև սրբություն, պահվում է սևագույն քար, որն իբրև թե ներկված է սուրբ Վարդանի արյամբ143։ Վարդան զորավարի անունով մեկ ուրիշ մատուռի ավերակներ գտնվում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Սարգիս Ջալալյանցը գրել է. «Մուշկապատցիք ունեն զքարաշէն եկեղեցի, առ որով է մատուռն սուրբ Վարդան նահատակի, ուր յաճախեն ուխտալորք բազումք»144։

Հինգերորդ դարում պարսկական բռնատիրության դեմ հայոց պայքարն Ավայրայրով չավարտվեց։ Հայոց աշխարհի բոլոր կող­մերում բռնկվել էր պարտիզանական պայքարի բոցը։ Ինչպես միշտ,

  1. Այն ժամանակների բարքերին բնորոշ էր նահատակված մասունքների առուծախը։ Ղազար Փարպեցին հաղորդում է, որ մի քրիստոնյա խուժիկ առևտրական, որն առևտրական գործերով լինում էր Հայաստանի քաղաքներում և խոսում հայերեն, ականատես է լինում Ղևոնդ Երեցի և մյուս եկեղեցականների սպանություններին և նրանց ոսկորներն իբրև մասունքներ, հանձնում է Պարսկաստանի քրիստոնյա համայնքներին, մի մասն էլ բերում Հայաստան։