Էջ:Artcakh history.pdf/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս անգամ էլ անդունդի եզրին կանգնած հայ ժողովուրդը բռունցք­վեց իր հին ու նոր հայրենիքը փրկելու, իր ինքնությունը պահպանելու։ Ժողովուրդը քաշվում է անառիկ լեռներն ու ձորերը, որտեղից անընդհատ հարձակումներ է գործում պարսկական պատժիչ ջոկատների դեմ։ «…Յուրաքանչյուրը թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը։ Հարսները դուրս եկան առագաստներից և փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկած աթոռներից և երեխաները ծնողների գրկերից. երիտասարդներն ու կույսերը և տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ վայրերի ամրոց­ներն ու բազմաթիվ լեռների ապահով տեղերը։ Ավելի լավ էին համարում գազանների նման քարանձավների մեջ բնակվել աստվածապաշտությամբ, քան թե ուրացությամբ փափուկ կյանք վարել իրենց տներում։ Առանց տրտնջալու դիմանում էին խստեղեն կերակուրներին և չէին հիշում իրենց սովորական խորտիկները։ …Համբերությամբ դիմանում էին և մեծ առավելությամբ տանում այդ քաջ նահատակությունը։ Որովհետև եթե բաց աչքերով չտեսնեին խնդալից հույսը, չէին էլ կարող այնպիսի մեծ առաքելություն կատարել»145։ Թշնամին քուն ու հանգիստ չուներ հայոց հողում։

Սովորաբար պարսիկները պաշարում էին այն ամրությունները, որտեղ պատսպարված էր լինում խաղաղ բնակչությունը և ներումն խոստանում՝ եթե հանձնվեն։ Տեղ-տեղ պաշարվածները ստիպված էին հանձնվել՝ քաղցից և ծարավից դրդված։ Բայց կամովին հանձնվածներին էլ պարսիկները չէին խնայում, կոտորում էին կամ գերության քշում, իսկ բնակավայրերը՝ հրկիզում146։

Արցախի հայոց գունդը Բակ զորավարի հրամանատարությամբ բազմաթիվ փախստականներով, ամրացել էր Անգղի բերդում։ Այս­տեղ էր նաև Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը և մյուս քահանաները։ Մուշկան Նիսալավուրտի պարսկական բանակը, Վասակ մարզպանի գնդի հետ միասին, շրջապատում են բերդը, գրոհում, բայց անզոր են գտնվում վերցնել այն։ Թշնամին դիմում է նենգու­թյան. Վասակ մարզպանը երկու-երեք անգամ երդվում է Ավետարանով, փորձում է հավատացնել պաշարվածներին, որ եթե նրանք անձնատուր լինեն, ապա ոչ ոքի նկատմամբ բռնություն չի գործադրի։ Զորականների հիմնական մասը չի հավատում չարամիտ Վասակին: