Էջ:Artcakh history.pdf/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քուստի-ի-Կապկոհի փոխարքային։ Պարսից արքա Խոսրով Ա Անուշիրվանը մեծ գոհունակությամբ ընդունեց Վահան Սյունու այդ քայլը և Սյունիքին միացվեց սահմանակից Արցախ նահանգը, որի Հաբանդ գավառը(հետագայում Վարանդա), դարձավ Վահանի կենտրոնատեղին և, ինչպես ցույց է տալիս Անանիա Շիրակացու «Աշխարհացոյցը», այնուհետև Հաբանդ գավառը կոչվեց «Սիսական-ոստան», իսկ Սյունիքի և Արցախի միացյալ շահրը-իշխանությունը սասանյան պետությունում հայտնի էր «Սիսական» անու­նով172։ Առաջ անցնելով ասենք, որ Սեբեոսի Պատմության մեջ Թեոդորոս Ռշտունու և Մուավիայի միջև բանակցությունների մասին խոսելիս Հայաստանը (Հայքը) և Սյունիքն (Սյունիք ասելով հասկացվում է նաև Արցախը-Վ․Բ.) առանձին են հիշատակվում։ Արաբ­ների արշավանքների մասին խոսելիս նույնպես պատմիչը նշում է, որ արաբները կողոպտեցին Հայոց երկիրը, Աղվանքը և Սյունիքը։ Պատահական չէր, որ հին հայկական աղբյուրներում Արցախը երբեմն հիշատակվում է «Փոքր Սյունիք», կամ «Սյունյաց երկրորդն» անուններով173։ Հայաստանի մնացյալ մասերից «Սիսական-ոստան»-ի անջատված վիճակը տևեց գրեթե 83 տարի(571-654թթ.)։ Սասանյան արքունիքում բարձր էր «Սիսական»-ի քաղաքական կշիռը։ Վարչական այդ նոր միավորի իշխանի գերագույն հսկողության տակ էին գտնվում Ճորա պահակը և Դարբանդի ամրությունները։ Նրա զորամասերը՝ «սիսականցիները», մեծ համարում ու­նեին սասանյան արքունիքում174։

Արաբական արշավանքների հետևանքով Առաջավոր Ասիայում քաղաքական ուժերի նոր վերախմբավորումների պայմաններում Համազասպ Մամիկոնյանի գլխավորությամբ մի կարճ ժամանակահատված(654-661թթ.) միավորվեցին Հայաստանի պարսկահ­պատակ և բյուզանդահպատակ հատվածները։ Սեբեոս պատմիչը գրում է, որ Սասանյան Իրանի կործանումից հետո Սյունիքն ու Արցախը նորից միացան միացյալ Հայաստանին175։ Փաստորեն VII դարի երկրորդ կեսում Հայոց իշխանին ենթակա էին Մեծ Հայքի հիմնական նահանգները՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Մոկք, Տուրուբերան, Տայք և Գուգարքի Տաշիր գավառը, ինչպես նաև Աղձնիք ու Կորճայք նահանգների լեռնային մասերը։