Էջ:Artcakh history.pdf/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ՀՈՆԵՐԻ ԿԱՄ ԽԱԶԱՐՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՊԻ ԱՐ­ՑԱԽ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։ VII դարը արցախահայությանը բերեց նոր անակընկալներ ու արհավիրքներ։ VII դարի սկզբներից Կովկասյան լեռնաշղթայից հյուսիս բնակվող բազմաթիվ խառ­նամբոխ ցեղեր Ճորա պահակով և Ալանաց դռներով Այսրկովկաս էին թափանցում և մահ ու ավեր սփռում շեն գյուղերում և քաղաքներում։ Այդ ցեղերը մ.թ. առաջին դարից Այսրկովկասի ժողովուրդներին հայտնի էին մեկ ընդհանրական անունով՝ հոներ։ VIIդարի սկզբներին Այսրկովկասում նորից հայտնված այդ ցեղերին հայ մատենագիրները անվանում էին խազիր176 կամ խազար։

VI դարի կեսերին խազարները առաջին անգամ մտան Այսրկովկաս և ավերեցին Կուրի աջափնյակը, մեծապես չշոշափելով հայ­կական նահանգների շահերը։

Խազարական արշավանքները դեպի Այսրկովկաս սաստկա­ցան VIIդարի սկզբներին, երբ նոր թափով սկսվեց պարսկա-բյուզանդական հակամարտությունը՝ տարածքաշրջանում առաջնու­թյան հասնելու համար։

Մավրիկիոս կայսեր սպանությունից հետո, օգտվելով Փոկասի դեմ բռնկված ապստամբություններից, Խոսրով Փարվեզը 602թ. պատերազմ է սկսում Բյուզանդիայի դեմ։ Պատերազմական գործո­ղությունները սկզբում ծավալվում են հյուսիսային Միջագետքում, ապա տեղափոխվում Հայաստանի կենտրոնական նահանգները։

Հայաստանում պարսկաբյուզանդական ճակատամարտերը հաջորդում էին մեկը-մյուսին, ոտքի կոխան դարձնելով բարեշեն գյուղերն ու քաղաքները։

608-616թթ. պարսկաբյուզանդական պատերազմական գործո­ղությունների արդյունքն այն եղավ, որ Պարսից Խոսրով Փարվեզը Միջագետքում, Ասորիքում, Հայաստանում, Փոքր Ասիայում, Պաղեստինում և Եգիպտոսում տիրացավ ընդարձակ տարածքների177։

Այս ժամանակ (610թ.) Բյուզանդիայում գահընկեց է արվում և սպանվում Փոկասը։ Կայսերական գահն անցնում է Հերակլին(610-641թթ.)։ Վերջինս Բյուզանդական կայսրությունը փրկելու համար վերստեղծեց մարտունակ բանակ և 622թ. նոր թափով վերսկսեց պատերազմական գործողությունները։