Էջ:Artcakh history.pdf/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայոց իշխանին ենթակա էին Մեծ Հայքի հիմնական նահանգ­ները՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Մոկք, Տուրուբերան, Տայք և Գուգարքի Տաշիր գավառը, ինչպես նաև Աղձնիք և Կորճայք նահանգների լեռնային մասերը, իսկ Բարձր Հայքն ու Չորրորդ Հայքը արաբներն իրենց ձեռքում էին պահում որպես ռազմաստրատեգիական տեսակետից կարևոր դիրք ունեցող վայրեր՝ Բյուզանդիայի դեմ մղված պայքարում189։

Դեռ ավելին, Համազասպին հաջորդած Գրիգոր Մամիկոնյանի իշխանության տարիներին(661-686թթ.) Հայաստանը հրաժարվեց հարկ վճարել արաբներին։ Թվում էր, թե նորից պիտի վերածնվեր հայկական կորսյալ պետականությունը։

Հզորության ուղին բռնած խալիֆայությունը չէր կարող հանդուրժել հայկական պետականության վերականգնման փորձերը։ Մերթ ընդ մերթ Հայաստանի սահմաններին երևում էին մահասփյուռ արաբական բանակները։

Հայոց Արևելից գավառների հայությունը Ջիվանշիր թագավորի առաջնորդությամբ մի առ ժամանակ ինչպես զենքով, այնպես էլ դիվանագիտությամբ կարողացան դիմակայել արաբների ճնշումնե­րին։ Ջիվանշիրը շարունակեց Հայոց մեծ սպարապետ Թեոդորոս Ռշտունու ճկուն քաղաքականությունը։ Խալիֆի համակրանքը շահելու նպատակով Ջիվանշիրը մեկնեց Դամասկոս։ Նրան արքայավայել ընդունեցին։ Մուավիան Կուրից մինչև Ճորա պահակը ընկած հողերի կառավարումը հանձնեց «Արևելքի իշխանին»՝ Ջիվանշիրին։ Միաժամանակ նա դարձավ միջնորդ արաբների և հյուսիսային Կովկասի ցեղերի՝ հոների, խազարների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։

Այս ամենից հետո Ջիվանշիրին մեծամեծ նվերներով ճանապարհեցին երկիր։ Վերադարձի ճանապարհին՝ Արուճ ավանում, Հայոց մեծ իշխան Գրիգոր Մամիկոնյանը և Անաստաս կաթողիկո­սը պատվով ընդունեցին Ջիվանշիրին, նախանշելով հետագա անե­լիքների համատեղ ծրագիրը։

Արաբների վստահությունը լիովին շահելու նպատակով երկրորդ անգամ՝ 671թվականին Ջիվանշիրը գնաց արաբ խալիֆի մոտ190։ Մեծաշուք պատիվների արժանանալուց հետո,– գրում է