Էջ:Artcakh history.pdf/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստծո թշնամիներին, ինչպես Մովսեսն Ամաղեկին, Հեսուն Քանանացիներին, Սամուելն Ագագին և Դավիթը Գողիաթին, նաև ինչ­պես իսրայելացիներն սպանեցին այլազգիներին։ Եվ աստված սիրեց նրանց։ Նույն կերպ կանեմ քեզ և քո զորքի հետ։ Արդ չեմ կամենում երկար խոսել քեզ հետ, քո ձեռքերում է խաղաղությունն ու խառնակությունը։ Եթե, ինչպես ասացի, հեռանաս ինձանից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմ, կռիվ ու ճակատամարտ։ Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը՝ խոցոտող, դու՝ ախոյան, իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը՝ մենք նրա ժառանգորդ, քո ավարը՝ մենք ավարառուներ, դու ավազակ, մենք կո­ղոպտիչներ, դու եղեգն, մենք դյուրավառ կրակ, դու հարդ, իսկ մենք դյուրությամբ փչող քամի, դու ծաղիկ, իսկ մենք թարշամեցնող խորշակ, դու պտղալից հանդ, մենք ապականող կարկուտ, դու շինվածք առանց հիման, իսկ ես հիմնիվեր տապալող հեղեղ, դու լեշ, իմ զոր­քը հոշոտող գազան, որ պատռոտում է քո սրտի առագաստը, դու խաղալիք, իսկ մենք մանուկներ, որ բռնելով քո զորությունը, խաղում, կատակում ենք քեզ հետ և քո այդ ողջ հպարտության ու անբարեհաճության հետ, դու վայրի երե, մենք՝ որսորդներ, դու թռչուն, իսկ մենք բարձրությունից ցած ենք իջեցնում և ձգում որոգայթի մեջ, դու ծովի վիշապ, մենք՝ կարթ, քո քիմքից վեր ենք ձգում քեզ անդունդների խորքից. դու իբրև եղջերու առանց եղջյուրների, մենք արծիվներ քո վերևում, քո աչքերը կուրացնողներ, որ քո լեշը գցում ենք մեր ձագերին և խորշերում բնակվող աղվեսներին։ Եվ մինչև որ քեզ վրա չվերցնես այն, ինչ խոսեցի քո պատգամավորների հետ ու ավելի ջանաս վտանգել մեզ՝ դու կընդունես վտանգավորը»196։

Աղբյուրները վկայում են, որ Եսային «երիցու (քահանայի) որ­դի» էր։ Չնայած դրան, նա անվեհեր կռվող էր և չի պարտվել ոչ մի պատերազմում։ Բուղան պարզ ընկալելով լեռնցի իշխանի շիտակ խոսքը, լրջորեն նախապատրաստվեց բերդի գրավմանը՝ պատնեշ­ներ կանգնեցրեց ամրոցի դեմ, քարակույտեր շինեց, տեղակայեց քարաձիգ մեքենաներ։ Բերդապահ զինվորականությունը և խաղաղ բնակչությունը հայտնվեց խուլ պաշարման օղակում։ Այդպիսով