Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի ներքև, ընկած է անմարդաբնակ մի երկիր, որի անտառներում արջերը վայրի տանձ են հավաքում և լուսնյակ գիշերներին հաստաբուն կաղնիների մոտ գլորվում, կիսաչոր տերևների վրա արջապար խաղում։

Առաջին հանդիպած մարդն այն ձորում տարօրինակ է երևում, բայց շարունակեցեք կածանը, ձիու սանձը պինդ մի բռնեք, թողեք, որ հին կածանը հոտոտելով ձեզ տանի Մրոց։

Եվ երբ անցնեք սրընթաց մի գետակ, նրա ափին այգիներ տեսնեք, անպատճառ շան հաչոցի ձայն պիտի լսեք, եթե օրը ցերեկով էլ լինի։ Մրոցի շներն զգաստ են, նրանց ժանիքները շատ անգամ են գայլի մաշկ քերծել։

Հաչոցի ձայնը լսում է ձին, ականջները խլշում, սմբակներն ավելի արագ են դոփում կածանի քարերին, ձին բնազդաբար պատկերացնում է ախոռը, մեջը լի գարի։

Ումից էլ հարցնեք, ոչ ոք ձեզ չի ասի, թե ինչու գյուղի անունը Մրոց է։ Գուցե տերտերը մի պատմություն անի այն մասին, թե ինչպես «անօրենների» հարձակման ժամանակ շատ դարեր առաջ իրենց պապերը փախել են մի ուրիշ երկրից և պատսպարան գտել այդ հեռու ձորում,− գուցե տերտերը այդ փախուստի մասին պատմի, բայց այդ թեական է, և ոչ մի փաստ չի կարող բերել նա, բացի բանավոր վկայությունից, վաղուց մեռած պառավների ավանդական զրույցներից։

Ստույգ է միայն այն, որ Մրոցը հնուց ի վեր իր տեղն է, և երբ դիտում եք տների հաստ պատերը, անտաշ քարերը, թվում է, թե անհիշելի ժամանակ, երբ Մրոցի լեռներն են գոյացել, լեռները գոգաձև հարթություններ են կազմել, որ գագաթների ձյունը հալչի և հոսի ձորերով,− լեռների գոյացման հետ միասին ապառաժի կտորներից ծնվել են Մրոցի բնակիչները, հարթավայրերում հաճար ցանել, ժայռի գլխին ցատկող վայրի քարայծներին ընտելացրել և սերունդների փորձով սովորել մածունից կարագ ստանալ։ Դուք այդպես եք մտածում, որովհետև Մրոցը հեռու է, մոռացված, ճամփան դժվար, ճամփի վրա կանաչ խոտ։

Հարկավոր չէ բարձրանալ ժամի կտուրը՝ տեսնելու համար, թե ինչքան սև ձորեր կան Մրոցից վերև։ Եվ եթե ժամանակին հսկաներ են ապրել, իհարկե այդ ձորերը նրանց համար հասարակ առուներ են եղել։

Գուցե ժամանակին և ոչ մի հսկա չի եղել, լեռան առվակներն են դարերի ընթացքում քերել փեշերը, ժայռեր գլորել, մաշել իրենց փրփուր ալիքներով կարծր քարեր և փորել խոր անդունդներ, ուր կուսական անտառներ կան, անտառներում նույնքան կուսական արջեր, եթե կուսական՝ նշանակում է մարդու երես չտեսած։