Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և նվաճում ժողովրդայնության այն աստիճանը, որի ակունքների մոտ կանգնած է Հովհ. Թումանյանի ստեղծագործությունը։

Մինչ հայ գյուղագիրների հին սերունդը՝ «նարոդնիկական կտրվածքի» դեմոկրատ-մտավորականները, տեսադաշտի նեղության պատճառով չէր նշմարում գյուղաշխարհի ներքին հարստությունը և, ի վերջո, էլեգիա էր կարդում հայ գյուղի անվերադարձ կորստյան վրա, Հովհ. Թումանյանը նույն այդ ազգագրական եզերքներում հայտնագործեց համամարդկայնության իսկական արժեքները։

Գյուղաշխարհի բանաստեղծական էությունը մարմնացնող կերպարներից է Խոնարհ աղջիկը համանուն պատմվածքից, այն աղջիկը, որի միայն արտաքին նկարագրությունը բավական է պատկերացում տալու նրա հոգու անսահման քնքշության մասին։

Բակունցի մեկնաբանությամբ Խոնարհը ժողովրդական հեքիաթի ոգիացած հերոսուհին է, ինչպես և ժողովրդական ասքի հերոսն է «Միրհավը» պատումի Դիլան դային։ Սա ապրում է կյանքի մայրամուտը և իր այգու առաջ նստած՝ վերհիշում ամբողջ կյանքը, որի բարձրակետը եղել է Սոնայի հայտնությունն իր այգում. «Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում։ Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից։ Դուրս եկավ, ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքավի մանր քայլերով սուրաց դեպի հնձանը»։

Կյանքի մայրամուտին Դիլանը նորից վերապրում է սիրո բռնկման պահը և ձեռքն առնում հրացանը՝ արնակոլոլ միրհավի հետքերով որոնելու իր կործանված սերը։ Դիլան դային թեև շատ գարուններ և աշուններ է անցկացրել, սակայն դեռ հին երազների հետ է. «Լիներ այնպես, որ ինքը հնձվոր լիներ, նրանց արտը հնձեր, Սոնան հաց բերեր իրեն, շապիկը քրտներ և քրտնած նստեր կողքին»։

Դիլան դային սիրո հպատակն է, այն սիրո, որը նրան բարձրացնում է երանության գագաթը և ձուլում հայրենի ուշ աշնան, հնձանի, անտառի, ծաղիկների, միրհավի, ոսկեդեղձան հյուսերով աղջկա գույներով ողողված աշխարհի անսահմանությանը։

Բակունցյան աշխարհազգացողության պայմանականորեն ասած «բանաստեղծական երակի» բարձրակետը «Ալպիական մանուշակը» պատմվածքն է, վերին աստիճանի խորունկ և գրավիչ մի պատում, ուր լեռնային Հայաստանի ավերակ բերդերի, ալպիական գլխահակ ծաղիկների, քարե արծիվների, բրոնզափայլ լեռների, սպիտակ ամպերի «շքեղ ֆոնի» վրա ներկայացված են բարդ ու հակասական կյանքի դրամաները՝ օջախի