Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն մնում են միայն գլուխը, աչքերը․ կարծես մինչև մահ գերեզման անջնջելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը։

Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ծառերի մթնում։

− Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Եվ սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը՝ ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ՝ որ ոչ մի աչք ինձ չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ՝ գյուղում պիտի աշխատեի։

Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։

...Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել։ Գիշերը հասանք հենց այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր ճանապարհից։ Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, ասես սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բները։ Ձորագյուղցի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.

− Հրեն է՜, մեր գյուղը։

Ձյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շան զրնգան հաչոցը, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը։

− Էն մեր Բողարի ձայնն է,− ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղը մոտ է, որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։

Իսկ ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ։ Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը։

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։ Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից