Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում էի։ Ժիր երեխաներ էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար:

Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում դպրոցի առաջ խմբված երեխաներին։ Խմբով էլ ներս էինք մտնում։

Դասերից հետո ես համարյա միշտ տանն էի։ Օհան ապերը գնում էր գոմը՝ տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում և նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

− Հա, ո՞րտեղ մնացի,− արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք, գանգատվում էր.

− Պառավել եմ, քունս շուտ է տանում։− Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։

* * *

Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։

− Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավական ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։

Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին: Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։

− Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կասես, որ բամփես գլխին, տափին կփակչի,− ասում էր Օհան ապերը նրա մասին։