Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ինձ այդպես թվաց: Գլուխը խոնարհեց ու փշրեց ձեռքի բարակ ճյուղը:

Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկանը՝ ցախը շալակին: Մեր հետքերով նրանք իջան կալերի վրա։ Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ։ Ես պատշգամբից նայում էի այն կողմը, իսկ Օհան ապերը ինձ հարցնում էր մոշահավի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում, թե ո՛ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը։

Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում։

Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր, բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտտվում էր իմ ներքին աշխարհը։

Ուզում էի իմանալ աղջկա անունը։ Ես հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին։ Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր։ Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակի վրա գրեցի գումարման նոր վարժություն։

Խոնարհ, Խոնարհ... Նայում էի գրատախտակի թվերին, աչքերի առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա օձի պես սև պարանը։

Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնամ, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ: Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ, և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե միայն ինձ թվաց։

Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի։ Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը։ Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհն աջ է ծռվում։ Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը։ Ոչինչ չէր երևում։ Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ։ Կռացա վերցրի։

Վերադարձին եկանք գյուղի ծուռումուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով։ Այդ թաղի շները հաչոցով ինձ վրա վազեցին։ Բայց և այնպես կիսաբաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ։ Ինձ տեսավ՝ դեմքն իսկույն մյուս կողմը դարձրեց, տուն մտավ։ Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը։