Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուկները մի անգամ էլ ձեռք տվին։ Կռացա և համբուրեցի Ճուտիկի ճակատը, ինչպես Օհան ապերը՝ իմ ճակատը։ Իմ աչքերում արցունք երևաց, արցունքի միջից մի անգամ էլ տեսա այգու դռնակը, դպրոցի ներկած թիթեղները։ Հետո ծառերը ամեն ինչ ծածկեցին։

Քայլում էի ձիապանի հետևից։ Մինչև զառիվայրի սկիզբը ճանապարհն անցնում էր փոքրիկ տափարակով։ Կանաչ արտերում քաղհան էին անում։ Մի քիչ վերև, սարալանջին, եզները դանդաղ քաշում էին արորը, և հանգստացած հողը շրջում ակոսի մեջ։ Արտերում կանաչի մեջ երևում էին կարմիր-կապույտ ծաղիկներ։ Բացվում էր պուտը։

Սպիտակ քարի մոտ, գոգաձև ընկած երկարադարձ արտերում քաղհան անող կանանց մեջ տեսա Խոնարհին։ Մեր հայացքներն իրար հանդիպեցին, և ես նրա աչքերում ժպիտ չտեսա։ Ի՞նչ էր ասում. նրա համար դժվա՞ր էր, որ ես հեռանում եմ Ձորագյուղից, չէ՞ որ ինձ ոչինչ, ոչինչ չէր ասել այդ խոնարհ աղջիկը։ Հագին նույն գորշ զգեստն էր, ինչպես աոաջին անգամ անտառում։ Արտի մեջ կանգնել էր, ձեռքին քաղհանի բիրը, կարմիր պուտ և մոլախոտի մի կապ։

Ոչինչ չասացի, հեռացա։ Արահետով բարձրանալիս միշտ ետ էի նայում։ Կռացած կանայք կանաչին ընկած թռչունների էին նման։ Եվ այդ երամից մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին։ Ձորի գլխին կանգնեցի, և երբ աղջիկը մի անգամ էլ բարձրացավ, նայեց իմ կողմը, ձեռքով արի։ Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա։ Ես արագացրի քայլերս ձիապանին հասնելու։

Երբ ընկերս լռեց, ինձ թվաց, թե գետակը նույն հանգով է պատմում, խոսում է նույն կերպ, ինչպես նա, որ մեջքին ընկած փակ աչքերը երկնքին, անգիր ասում էր մի ծանոթ պատմություն, գրված Օհան ապոր հին գրքերում։

Վեր կացա, թուլացրի ձիու թամբի կապերը։ Ձիերը հագեցել էին կանաչից և մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ։

− Հետո, տասներկու տարի... Եվ ի՜նչ տարիներ։ Կռիվ, քաղց, երկրներ ու քաղաքներ, հազարավոր դեմքեր, տարբեր ցեղից, ՛անցքեր՝ մեկը քաղցր, մյուսը դառը հիշողության հետ կապված... Եվ նրանց մեջ Խոնարհի դեմքը, ցանկապատի փշերի արանքից երկու մանրիկ աչքեր, որպես սև ձիթապտուղ, և բարա՜կ, կարմիր շրթունքներ։

Հանկարծ ընկերս կողքի դարձավ, վիզը ձգեց իմ կողմը։ Նրա աչքերն ավելի մեծացան։