Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գիտես, ես Խոնարհին տեսա։ — Ե՞րբ։ — Երեկ։ Վերին գյուղում։ Դու քնել էիր, դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն։ Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։

Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչև հունձը։

— Հետո մի ճար կլինի,—ասաց։

Ամուսինն անցյալ տարի էր մեռել։ Ժանտախտից սատկել էր նրա միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկար։

Ես ճանաչեցի Խոնարհին... Աչքերն էլի աոաջվանն էին, բայց առանց փայլի։ Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ նա ինձ ճանաչե՞ց, թե ոչ:

...Անխոս նստեցինք ձիերը և անցանք գետակը։ Արևն արդեն դեպի մայրամուտ էր կախվել։

1926-1928

ԼԱՌ-ՄԱՐԳԱՐ
1

Նրա համար ամենից մեծ հաճույքը այգին ու արտերը ջրելն էր։ Երբ բոբիկ, արևից խանձված ոտքերով քայլում էր առվի եզերքով, բահով ճումերը առվից դեն գցում, որի ջրի հոսանքը սահուն լինի,— Լառ-Մարգարին այնպես էր թվում, թե ջրի պապակ արտերն ու ծարավ այգիները տապ արած իրեն են սպասում։

Առվով ջուրը կապելիս նա ջրի հետ էլ գնում էր, մինչև ջուրը այգուն հասներ։ Արևից չորացած հողը, տեղ-տեղ ճաքճքած, ագահությամբ ծծում էր ջուրը, ճեղքերից օդի պղպջակներ էին դուրս գալիս, ձայն հանում, ասես հողը հազար պռոշ ուներ և անհագ ծարավ։

Ջուրը ծառերի տակ կապելուց հետո Լառ-Մարգարը պառկում էր ծառի շվաքի տակ, երկար բահը կողքին, աչքերը կիսախուփ անում,