Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ննջում, մինչև ջուրը հասներ։ Հետո վեր էր կենում, ջուրն ուրիշ առվով անում, էլի ջրի հետ գնում։

Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությանը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,– առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

— Լառ-Մարգարը լագլագի պես ջրերից ձեռք չի քաշում,—ասում են գյուղացիք։ Եվ ճիշտ որ, Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։

Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։

Գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում:

— Լառ–Մարգար, արտս խանձվեց, ջուր հասցրու,—գանգատվում էին երբեմն։

— Կեցիր դհա, կրակ չեղավ, սրադ ուրբաթ է, — ասում է Լառ-Մարգարը։

Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։

Անցյալ գարունքին էր այդ։ Գյուղը նրան ջրվոր է վարձել։

- Ղարիբ մարդ է, ազգ ու բարեկամ չունի, ջուրը արդար բաժին կանի։

Երբ աոաջին անգամ առվով ջուր էր կապել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, բահը ուսին անցել առվով, գյուղում մի հանաքչի ասել էր․

— Տեսեք հա՜, գաղթական բիձեն լառի լագլագ լինի կասես։

Գյուղը նորեկին ավելի անուն էր դրել՝ Լառ-Մարգար։

Քչերն էին փորձում ջրվորին խաբել, հերթից դուրս ջուր գողանալ: Վայ թե իմանար Լառ-Մարգարը. կթոնթորար, կկանչեր, բահը գետնով կտար։

— Ծառդ պտուղ չի տար, յավրիս, գողության մի՛ վարժեցուր։

Լառ-Մարգարի համոզումն էր այդ։ Եվ երբ բարկանար, այդ խոսքը կասեր, իսկ եթե խոսքին կասկածող էր լինում, ավելացնում էր․

— Էս հասակս քաշեր, նո՞ր պիտի սուտ խոսիմ...

Այդ ասելիս Լառ-Մարգարը հանկարծ խեղճանում էր, ձայնը երերում