Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ, այնպես է թվում, թե ինքն էլ փչակով մի գերան է, չորացած բարդի։

Լինում էին օրեր, երբ Լառ-Մարգարը ջուրը տալիս էր հերթի համաձայն, ինքը չէր ջրում։

— Քեֆսըզ եմ,—կասեր և կպատվիրեր, որ հերթով ջրեն մինչև ինքը գար։

Առվի ափնիվեր քայլում էր, մինչև մոտակա ձորակը, ուր ծիրանիներ կային։ Պառկում էր ծիրանու տակ, կամ քնում ժայռի շվաքում, կամ էլ մեջքի վրա դառնում, ոտքերը ձգում, հսկա մկրատի պես։ Կարծես մեկը խաչել էր ծիրանու տակ։

Ծառի ճղների արանքից վեր էր նայում Լառ-Մարգարը երկնի կապույտին։ Մի ճերմակ ամպ, թափանցիկ ու անձև, հանդարտ լողում էր լազուրի մեջ։ Լառ-Մարգարին թվում էր, թե երկինքը մի հսկա տաշտ է, մեջը լի լեղակած ջուր և ամպը՝ լվացքի մոռացված կտոր տաշտի ջրի մեջ։ Լառ-Մարգարը նայում էր ամպի կտորին, ինչքա՜ն հանդարտ էր լողում, ձևը փոխում, մերթ պռունկը ձգում, մերթ ետ քաշում։

Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի հետև պահված իրենց գյուղը կտեսներ, կտուրները եղեգով ծածկած, գյուղի մոտ բարդիները, իր ծիրանուտը, տան դռնակը, որի մոտ կարասի կտոր կար, մեջը ջուր՝ հավերի համար։

Ամեն առավոտ կանուխ Լառ-Մարգարի կինը հավաբնի դռնակը բաց էր անում, հավերը կղկղալով վազում էին նրա հետևից մինչև կարասի կտորը, ուր պառավը հավերին կուտ էր տալիս։

Մի հավք թռչում էր, օդի ոլորտում պտույտներ անում։ Եվ երբ Լառ-Մարգարը նայում էր ծիրանի ճղների արանքից, նրա ծերացած աչքերին այնպես էր թվում, թե հավքը լազուրի վրա միայնակ սահող ամպի կտորի հետ է խաղում։

...Կտավատը կապույտ ծաղիկներն էր բացել, ծիրանն արդեն դեղնել էր։ Վար էր անում, արորը փափուկ հողում ամռան ցելի ակոսներ էր ծրում։ Երբ մի անգամ էլ դարձավ, աչքն ընկավ արահետին։ Մասրենու մոտ պառավը կանգնել, ձեռքով էր անում։

— Գեղը խռովտուք կա, մարդ,—կանչում էր պառավը։

Եզներն արձակեց, արորը հողի մեջ խրած թողեց։ Վարից բեզարած եզները երեկոյան տան իրերով բարձած սայլ էին քաշում դեպի անծանոթ հեռուները։

Տեղահանության օրերն էին։

Սայլը ճռնչում էր օր ու գիշեր, փոշի կար ճանապարհին, շիվար